ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԳՈՀԱՑՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Քաղաքական
19:00 29/02/2008

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԳՈՀԱՑՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Առկա կրթական համակարգը չի գոհացնում հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսօր ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց Ռ. Քոչարյանը և միաժամանակ ընդգծեց, որ ոլորտում բարեփոխումների միտում նկատվում է: Հարցին, թե ինչ է արվում, որ բուհն ավարտած ուսանողները կարողանան սեփական երկրում աշխատանք գտնել և չմեկնեն արտասահման, Ռ. Քոչարյանը նշեց, որ կառավարությունում վերջերս քննարկվել է ուսանողին, արտերկրում ուսումը շարունակելու նպատակով, դրամաշնորհային միջոցներից բացի պեբյուջեից ևս գումար տրամադրելու հարցը: Նախագահի համոզմամբ, այդ պարագայում կողմերի միջև պետք է պարտավորեցնող պայմանագիր կնքվի:

Մայր բուհի ուսանողները հանդիպման ընթացքում երկրի ղեկավարին ուղղված հարցեր հնչեցրին նաև գնաճի վերաբերյալ: Հարցը ձևակերպված էր այսպես. «Արդյո՞ք գնաճը իշխանությունների նկատմամբ շանտաժի կիրառում է, որի կանխարգելման դեպքում տնտեսվարողները կմիանան Լևոն Տեր-Պետրոսյանին, թե՞ իշխանությունների նկատմամբ բողոքի ալիքի բարձրացումը խրախուսող միջոց»: Ռ. Քոչարյանը պատասխանեց, որ գնաճը պայմանավորված է համաշխարհային շուկայում հիմնականում վառելիքի և հացահատիկի գների աճով:

«Պետք է կարողանալ տարանջատել սպեկուլյատիվ գնաճը, օբյեկտիվից: Չի կարող համաշխարհային շուկայում տեղի ունեցող գնաճը չազդել Հայաստանի վրա»,-ասաց երկրի ղեկավարը:

Ուսանողների հետաքրքրության շրջանակում էր նաև Կոսովոյի անկախության խնդիրը: Նախագահի խոսքով, Կոսովոյի խնդիրը ԼՂ հակամարտության համար միանշանակ կարող է նախադեպ դառնալ, քանի որ ԼՂ-ն իր անկախությունը հռչակել և հանրաքվեն անցկացրել է ավելի վաղ, քան Կոսովոն: «Մենք ոչ ավելի քիչ իրավունքներ ունենք անկախ Ղարաբաղ ունենալու համար, քան Կոսովոն: Եվ Կոսովոն չէ, որի պատճառով մենք սկսենք մտածել Ղարաբաղի անկախության մասին»,-ամփոփեց նախագահը:
Placeholder
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԳՈՀԱՑՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ