2008-Ը՝ ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ ՇՆՉՈՎ
Մշակույթ
14:01 07/03/2008

2008-Ը՝ ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ ՇՆՉՈՎ

Վիլյան Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ 2008թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված է Սարոյանական տարի, որն արդեն Հայաստանում և ԱՄՆ-ում արդեն իսկ մեկնարկել է: Այսօր կայացած ասուլիսում այս մասին հայտնեց մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Նրա խոսքով, սարոյանական տարին արժանապատիվ անցկացնելու համար կառավարական հանձաժողով է ստեղծվել:

«Մշակույթի նախարարության կողմից կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Դեռևս անցած տարվանից պետբյուջեից հատկացվել էր գումար Վիլյան Սարոյանի գրականությունը տպագրելու համար՝ հայերեն լեզվով երկերի ու պիեսների ժողովածու, ռուսերեն լեզվով՝ ժողովածու»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Նրա խոսքով, «սարոյանական տարվա» շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ իրականացվելու է Վ. Սարոյանին նվիրված միջազգային գիտաժողով, նկարահանվելու է «Բիթլիս» մուլտիպլիկացիոն ֆիլմը: «Հանրակրթական դպրոցներում անցկացվելու են գրողին նվիրված բաց դասեր ու տեղադրվելու են «Սարոյան-100» խորագրով սարոյանական հայտնի ասույթներով ցուցապաստառներ: Տարվա ընթաքցում պատրաստվելու են Վիլյամ Սարոյանին նվիրված հեռուստատեսային և ռադիո հաղորդաշարեր, նկարահանվելու է նաև մեծանուն գրողի մասին «Սարոյան-100» փաստավավերագրական ֆիլմը»,-մանրամասնեց Կ. Խոդիկյանը:

Նա նշեց, որ հոկտեմբերին անցկացվող գիտաժողովը ներառում է նրա գրական ժառանգության բոլոր ասպեկտները՝ արձակ, դրամատուրգիա:

««Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում պետք է լինի Սարոյանի գործերի հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրություն»,- ասաց փոխնախարար Կ. Խոդիկյանը:

Նա ավելացրեց, որ մշակույթի նախարարության աջակցությամբ Մալյանի թատրոն- ստուդիան մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսը ներկայացնելու է սարոյանական գործերի հիման վրա ստեղծված «Պատմություններ գնացքում» բեմադրությունը, իսկ Արմեն Էլբակյանի` սարոյանական մոտիվներով «Կապրես ինձ հետ» պիեսն արդեն ներկայացվել է Բուդապեշտում կայացած միջազգային թատերական փառատոնում:
Placeholder
2008-Ը՝ ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ ՇՆՉՈՎ