ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՐԵԼԱՎՎԵԼՈՒ Է
Կրթություն, գիտություն
15:10 13/03/2008

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՐԵԼԱՎՎԵԼՈՒ Է

Գործադիրի այսօրվա հերթական նիստում հավանության է արժանացել նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ ռազմավարական ծրագիրն ու բարեփոխումների փորձնական ծրագիրը: Նիստին հաջորդած ճեպազրույցում այդ մասին ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում փորձում է համակարգել և ներկայացնել կրթության ոլորտի համալիր գործունեության ծրագիրն իր հիմնական նպատակներով, ուղղություններով, սերտորեն աշխատում ենք միջազգային կառույցների հետ»,-ասաց Լ. Մկրտչյանը: Նրա խոսքով, այս ծրագրով ենթադրվում է նախադպրոցական կրթության բարեփոխումների համալիր, ռազամավարական ծրագիր և իբրև հավելված ունեն մեկ փորձնական մաս, որն իրականացնելու են Համաշխարահային բանկի վարկային ծրագրի շրջանակներում: «Ռազմավարության կոնկրետ դրույթները փորձարկելու ենք Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, որոնք նախադպրոցական կրթության հատվածով ամենավատ ընդգրկվածությունն ունեն»,-նշեց նա: Նրա խոսքով, փորձնական ծրագրի կիրառման համար համաշխարհային բանկը տրամադրել է 130 միլիոն դոլար:

Լ. Մկրտչյանն ավելացրեց, որ ռազամավարությունը փորձ է նախ իրավիճակի ներկայացման ու շտկման առումով, նաև հասնելու որոշակի տոկոսային ընդգրկվածության: «Հիմնական շեշտադրումը կատարվում է հինգ-վեց տարեկան երեխաների վրա: Մինչև 2015 թվականը պետք է հասնենք հինգ-վեց տարեկան երեխաների բացարձակ ընդգրկվածությանը նախադպրոցական համակարգում: Նպատակ ունենք, որ հնարավորինս փոքր միջոցներով նախադպրոցական կրթության, երեխաների խնամքի ծրագրերն իրականացնենք օգտակար գործողության բարձր տոկոսով»,-ասաց նախարարը:

Լ. Մկրտչյաը նշեց, որ փորձ է արվելու ուշադրություն դարձնել հատկապես սոցիալապես անապահով շերտերի ընդգրկվածության վրա: «Եթե հասնենք նրան, որ նախադպրոցական կրթությունը հինգ-վեց տարեկանների հատվածում բերենք իննսուն և ավել տոկոսի ընդգրկվածության, ապա մոտենում ենք եվրոպական չափանիշներին»,-ավելացրեց Լ. Մկրտչյանը:

Նշենք, որ այսօր Հայաստանում կա 623 մանկապարտեզ՝ 47 հազար 308 երեխայով, որոնցից 395-ը գործում է քաղաքներում, 218-ը՝ գյուղերում: Ընդգրկվածությունը քաղաքներում կազմում է 28.5 տոկոս, իսկ գյուղերում՝ 10.5 տոկոս, այսինքն հանրապետությունում ընդգրկվածության չափը միջին հաշվով կազմում է 21.6 տոկոս:
Placeholder
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԲԱՐԵԼԱՎՎԵԼՈՒ Է