Քաղաքացիների` ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ «հարցազրույցից»
Մեկնաբանություններ
15:41 14/03/2008

Քաղաքացիների` ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ «հարցազրույցից»

-Հնարավո՞ր է, որ Հայաստանում կրկնվի Ռուսատանի սցենարն այն առումով, որ գործող նախագահ Քոչարյանը դառնա վարչապետ: (Դավիթ)

-Քոչարյանը և ես այնքան ազնվություն ունենք, որ եթե այդպիսի սցենար լիներ, դրա մասին մենք կասեինք ընտրություններից առաջ, ինչպես արեցին Պուտինն ու Մեդվեդևը:

-Ու՞մ եք նշանակելու վարչապետ:

-Ես վերջնական որոշում չունեմ, բայց այսօր խոստանում եմ, որ կառավարություն ձևավորելուց հետո էլ մի այսպիսի միջոցառում կազմակերպենք և այն ժամանակ միգուցե պատասխանենք հիմնականում այն հարցերին, որոնք ուղղված կլինեն կառավարության կազմին: Հիմա չեմ կարող ասել, թե ով է լինելու վարչապետ և երբ է այդ մասին ասվելու:

-Ես լսել եմ, որ ունեք 65 հոգանոց բարձրաստիճան պաշտոնայների ցուցակ, որոնց դուք հեռացնելու եք, իսկ որոշներին ուղարկելու եք դատարան:(Արշակ Հայիրյան)

-Տեղեկությունը սխալ է, ես այդպիսի ցուցակ չունեմ, բայց բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ կկատարեն, ովքեր կաշառք կվերցնեն, կամ եթե հարց տվողը ստույգ տեղեկություններ ունի, որ այդպիսիք եղել են, անշուշտ` դատարանը չի բացառվում: Փոփոխություններ լինելու են և 65 թիվը շատ փոքր թիվ է, չնայած նրան, որ փոքր երկիր ենք, այդ տեղեկությունը մի մասով ճիշտ չի, համենայն դեպս կոնտեքստում միգուցե ճիշտ է:

-Համակարգային փոփոխություններ լինելու են, թե` ոչ:(Անանուն)

-Ես, անկեղծորեն ասած, չեմ կարող հիմա պատասխանել այն հարցին, թե համակարգային փոփոխություններ լինելու են թե ոչ, այսինքն կացութաձև՞ պետք է փոխենք: Լուրջ փոփոխություններ լինելու են: Եթե հարց տվողը ծանոթանա կառավարության և իմ նախընտրական ծրագրերին, ապա կտեսնի, որ շատ մեծ փոփոխություններ են նախատեսվում: Մենք մեզ համար ամբիցիոզ ծրագրեր ենք դրել, և եթե կարողանանք այդ ծրագրերը կատարել, դրանք էլ կլինեն փոփոխությունների լավագույն աճը: Իմիջիայլոց, Դաշնակցությունը ևս մասնակցելու է կոալիցիոն կառավարությանը և մենք ամենայն հավանականությամբ մոտակա 10 օրերի ընթացքում հանրությանը կներկայացնենք մեր քաղաքական ծրագիրը և ոչ թե կառավարության կազմը:

-Չե՞ք կարծում, որ մեր գեներալները բացահայտ կրիմինալներ են , և ընդհանրապես շատ չե՞ն արդյոք գեներալները:(Անանուն)

-Չեմ կարծում, որ Հայաստանում գեներալները շատ են: Ես միշտ համեմատական էի անցկացնում մեր հարևանների` Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակի հետ, և գեներալների հարաբերակցությունն էի նայում և մշտապես մենք նրանց զիջել ենք գեներալների թվով: Չեմ ասում` պատրաստվածությամբ: Ես չեմ ուզում խոսել որոշ մարդկանց տարածված կարծիքի մասին, որ արժանի չեն գեներալ լինելու, բայց ուզում եմ հարց ուղղողին հավաստիացնել, որ մենք ունենք փայլուն գեներալներ, որոնք իրենց վարք ու բարքով ու գիտելիքներով չեն զիջում որևէ մեկին:

-Հասարակության բևեռացման խնդիրների հետ կապված կոնկրետ ծրագրեր ունե՞ք:

-Որ բևեռացումը պետք է թուլացվի, դա միանշանակ է, ես երբեք դեմ չեմ եղել որևէ երկխոսության, բայց բոլորիս էլ հասկանալի է, որ երկխոսությունը միշտ հասցեական է լինում` ով ում հետ, եթե Լ. Տեր-Պետրոսյանը շարունակելու է պնդել, որ ինքը 65 տոկոսով ընտրված նախագահ է, չի ընդունելու ՍԴ-ի որոշումը, ինձ էլ համարելու է բանդիտ, մոնղոլ-թաթար, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել, իսկ եթե մոտեցումները կլինեն այլ, մի մոտեցումներն էլ այլ կլինեն, բայց մենք թերևս մարտի 2-ից սկսած խոսակցություններ ենք վարում բոլորի հետ, ովքեր ցանկանում են խոսել մեզ հետ` անկախ հայացքներից, ջղայնության աստիճանից ու մասնագիտությունից: Ես երևի մոտ 30 այդպիսի հանդիպում եմ ունեցել` հիմնականում մտավորականության հետ: Մենք երկխոսություններից ու հանդիպումներից երբեք չենք խուսափել:
Placeholder
Քաղաքացիների` ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ «հարցազրույցից»