Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ՀՀ կառավարությունն ու ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը ստորագրեցին 2007-2009 թվականներին ծրագրման մասին համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այն ստորագրեցին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալն ու Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի տնօրեն Դենդեև Բադարչը: Ինչպես փաստեցին կողմերը, այս համագործակցությունը նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առավել կանոնակարգված գործունեության համար` կրթություն, գիտություն, մշակույթ ու հեռահաղորդակցություն:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակել է այս ծրագիրը, որ համակարգենք ու ներդաշնակեցնենք գործողությունները ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների միջև և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներդրումն ավելի արդյունավետ դարձնենք երկրի զարգացման գործում»,-ասաց Դ. Բադարչին: Նրա խոսքով, հետագա երկու տարիների ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունները հիմնականում կենտրոնանալու են քարոզչության, կարողությունների ընդլայնման, հետազոտության, քաղաքականության մշակման, ինչպես նաև նախնական աջակցության տրամադրման ոլորտներում ՄԱԿ-ի գործակալությունների ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայման ուղղությամբ` մասնավորապես կրթության, մշակույթի ու հեռահաղորդակցության ոլորտներում:
Իր հերթին ԱԳ նախարար Վ. Օսկանյանը նշեց, որ այս համագործակցությունը լրացնելու է ՄԱԿ-ի հետ երկրի համագործակցության երկարաժամկետ ծրագիրը: «Այս անգամ շեշտը դրվել է կրթական ծրագրերի, աղքատության նվազեցման, ինստիտուտների առավել ամրապնդման գործընթացի վրա: Բացի այդ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին կկարողանանք իրականացնել այս պայմանագրի դրույթները` դրանով նպաստելով ՄԱԿ-ի հետ մեր համագործակցությանը, ու երկրում ՄԱԿ-ի ծրագրերի իրականացմանը»,-նշեց Վ. Օսկանյանը:
Բացի այդ, Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի տնօրենը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գերակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս գործակալությունների հետ հետագա համագործակցության: Ի դեպ, Դ. Բադարչի հավաստմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցություն է ցուցաբերելու` մասնավորապես գիտության ոլորտում տարվող քաղաքականությանն ու անցկացնելու է «Դուդուկի երաժշտության հռչակումը» մշակութային ծրագիրը: