«ԱՐՄՄՈՆՈՆ» ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՆՎԱՆՎԻ «ԵՐԵՎԱՆԻ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ՓԱՌԱՏՈՆ
Մշակույթ
15:50 25/03/2008

«ԱՐՄՄՈՆՈՆ» ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՆՎԱՆՎԻ «ԵՐԵՎԱՆԻ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ՓԱՌԱՏՈՆ

««Արմմոնո» փառատոնն այս տարի այլևս անվանվելու է «Երևանի Շեքսպիրյան միջազգային» (Շեքսպիրյան) փառատոն, որը կազմակերպելու է թատերական գործիչների միությունը: Մենք շատ բարձր նշաձող ենք վերցրել, որը պետք է հաղթահարենք»,-այսօր ասուլիսում ասաց թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նրա հավաստմամբ, իրենք դեռևս ֆինանսական մեծ աղբյուրներ չունեն, բայց ըստ նրա, միությունը լավ պրոդյուսերներ ունի:

Այս տարի, ըստ Հ. Ղազանչյանի, «Շեքսպիրյան» փառատոնը նույնպես մեծ շուքով է նշվելու: Փառատոնին ներկա են լինելու աշխարհահռչակ շեքսպիրագետներ: «Բավականին հանրահայտ հյուրեր ենք ունենալու: Փառատոնի օրերին Գրատովսկու իստիտուտը կանցկացնի դերասանի վարպետության դասընթացներ»,-նշեց Հ. Ղազանչյանը: Նրա խոսքով, վարպետության դասընթացների համար ժամանելու են 6 վարպետներ: «Կլինեն տեսաֆիլմերի ցուցադրություն, պրակտիկ և տեսական աշխատանք: Սա աշխարհի ամենահայտնի կենտրոններից մեկն է, և այն մեզ մոտ է լինելու ու համագործակցելու ենք»,-ասաց նա: Այնուամենայնիվ, Հ. Ղազանչյանի խոսքով, փառատոնի վերանվանումը չի նշանակում, որ վերանալու է մոնո ծրագիրը: Թատերական գործիչների միության նախագահի հավաստմամբ, այն դառնալու է մեծ «Շեքսպիրյան» փառատոնի բաղկացուցիչ մասը:

Անդրադառնալով թատրոնի կյանքին, նա նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե մեր թատրոնը «մահանում է» կամ «ծերանում է»: Նրա խոսքով, այն բազմաթիվ երիտասարդ «տաղանդավոր» դերասանները, որոնք արդեն մեծ ճանաչում ունեն, հակառակն են ապացուցում:

Նշենք, որ «Արմմոնո» ամենամյա փառատոնը անցկացվում է սեպտեմբերի 8-16-ը: Այս տարի այն կկազմակերպվի 6-րդ անգամ:
Placeholder
«ԱՐՄՄՈՆՈՆ» ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՆՎԱՆՎԻ «ԵՐԵՎԱՆԻ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ՓԱՌԱՏՈՆ