ԳԱՐՈՒՆԸ ՉԻ ԲՈՒՐՈՒՄ. ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Առողջություն
18:09 02/04/2008

ԳԱՐՈՒՆԸ ՉԻ ԲՈՒՐՈՒՄ. ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ

Ամեն գարնան սկիզբ թունավորվում է մարդանց զբոսանքը մայրաքաղաքի փողոցներում: Ընդ որում` բառացիորեն: Ամենուրեք, ուր «մաքրություն» է արվել, բույլ-բույլ ծխում են փտած տերևների կույտերը: Այնինչ լավ հայտնի է` տերևների այրումից առաջացած ծուխը վտանգավոր է մարդու առողջության համար: Այս մասին նշում են թե՛առողջապահության, թե՛ բնապահպանության մասնագետները: Սակայն Հայաստանում դա արգելող ու վերահսկող օրենք չկա:

Այս առթիվ Panorama.am-ի թղթակիցը զրուցեց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հետ: Նրա խոսքով, վարչությունը «ինչ-որ չափով» վերահսկում է այդ աշխատանքները: «Բնապահպանության վարչությունում ունենք աշխատակիցներ, ովքեր ահազանգի դեպքում, կամ շրջայցի ժամանակ նկատում ու նշում են խախտումները: Այդ տվյալները փոխանցում ենք բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության երևանյան բաժին»,-նշեց Ա. Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, խախտումների համար նախատեսված տուգանքի ձևը ու տույժի չափը որոշում է նախարարության համապատասխան տեսչությունը, իսկ իրենք այդ խնդրով զբաղվող առանձին խմբեր չունեն:

Ի դեպ, այս տարվա սկզբից, վարչությունը գրանցել է միայն 10-ը խախտում, իսկ գարնան այս շրջանում այրվող տերևների կույտեր կարելի է գտնել յուրաքանչյուր շենքի բակում: Մինչդեռ, մասնագետները հաստատում են, որ այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում առողջության համար վտանգավոր 70 նյութեր, որոնց մեծամասնությունը քաղցկեղ առաջացնող կոնցերագեններ են, իսկ այրման միջոցով առաջացող նյութերը կարող են հանգեցնել բրոնխյալ աստմայի նոպաների կամ տարբեր թունավորումների: Եվ սա դեռ հիվանդությունների ամբողջ «փունջը» չէ:

Բնապահպանության նախարարութան բնապահպանության պետական տեսչության Երևանի տեսչության բաժնից Panorama.am-ին խնդրի վերաբերյալ հայտնեցին, որ ստուգումները կատարվում են միայն ահազանգերի հիման վրա և որ խախտումների համար նշանակված վարչական տույժը կազմում է 50 հազար դրամ:




Placeholder
ԳԱՐՈՒՆԸ ՉԻ ԲՈՒՐՈՒՄ. ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ