ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ
Տնտեսություն
15:56 11/04/2008

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ

Օրերս Շվեցարիայի Ժնև քաղաքում հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հերթական «2007-2008թթ. գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների զեկույցը» (The Global Information Technology Report 2007-2008): Փաստաթղթի համաձայն, տեղեկատվական տեխոնոլոգիաներով հագեցվածության ու կիրառման տեսանկյունից աշխարհի լավագույն տնտեսությունն ունի Դանիան: Այս երկիրը 5.78 գործակցով գլխավորում է 127 երկրներից բաղկացած ցուցակը: Մեկ տարի առաջ ևս Դանիան առաջինն էր, սակայն 2007թ. նրա ցուցանիշը 5.71 էր:

5.72 գործակցով երկրորդը Շվեդիան է: Այն նախորդ տարվա համեմատ պահպանել է թե իր տեղն աղյուսակում, և թե ցուցանիշը: Այս տարի երրորդը 5.53 գործակցով Շվեցարիան է, որն անցած տարվա համեմատ երկու կետով բարելավել է դիրքերը դասակարգման աղյուսակում` իրենից հետ թողնելով Սինգապուրին ու Ֆինլանդիային: Բացի նշված երկրներից, լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաև ԱՄՆ-ը, Նիդերլանդերը, Իսլանդիան, Հարավային Կորեան և Նորվեգիան:

3.10 գործակցով Հայաստանն այս տարի զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ մեր երկիրը 3.07 գործակցով 122 երկրների մեջ 96-րդն էր: Մեր հարևաններից Թուրքիան 3.96 գործակցով 55-րդն է (2007-ին` 3.86, 52-րդ տեղ): Ադրբեջանը 3.72 գործակցով 67-րդն է (3.53, 71), իսկ Վրաստանը` 3.34-ով 91-րդը (3.12, 93):

Նախկին ԽՍՀՄ երկրների ցուցանիշներն հետևյալն են. Էստոնիա` 5.12 (20-րդ տեղ), Լիտվա` 4.41 (33), Լատվիա` 4.14 (44), Ուկրաինա` 3.69 (70), Ղազախստան` 3.68 (71), Ռուսաստան` 3.68 (72), Մոլդովա` 3.21 (96): Հաշվառված երկրներից Հայաստանին զիջում է միայն Ղրղզստանը, որը 2.99 գործակցով 114-րդն է: Աղյուսակի ստորին տասնյակում են Չադը, Բուրունդին, Զիմբաբվեն, Բանգլադեշը, Եթովպիան, Լեսոթոն, Մոզամբիկը, Պարագվայը, Նեպալը և Կամերունը:

Նկատենք, որ Global Information Technology Report-ը երկրները գնահատում են բազմաթիվ չափորոշիչներից ելնելով, որոնք բաժանվում են երեք խմբի` միջավայր, պատրաստվածություն և կիրառություն: Առաջին խմբի մեջ մտնում են շուկայի, քաղաքական և կառավարչական, ինչպես նաև ենթակառուցվածքների վիճակը (վենչուրային կապիտալ, ֆինանսավարկային շուկա, հարկային օրենսդրություն, խոսքի ազատություն, օրենքի գերակայություն, ընթացակարգերի պարզություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, հեռախոսային ցանցի առկայություն և այլն, թվով 30 չափորոշիչ), երկրորդ խմբում` անհատական, գործարար և կառավարչական պատրաստվածությունը (կրթական ու գիտական մակարդակ, դպրոցներում ինտերնետի առկայություն, տեղեկատվության փոխանակման սակագներ, մասնագետների պատրաստում և վերապատրաստում, գիտություն-արտադրություն կապ, տնտեսական քաղաքականության առաջնահերթություններ` թվով 23 չափորոշիչ), իսկ երրորդ խմբում` անհատական, գործարար և կառավարչական մակարդակում տեխնոլոգիաների կիրառությունը (բջջաին կապի սպառողներ, համակարգիչներ և ինտերնետի օգտագործողներ, նորարարության կիրառություն, էլեկտրոնային կառավարում` ընդհանուր առմամբ 15 չափորոշիչ):
Placeholder
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԻՋՈՒՄ Է ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ