ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ
Կրթություն, գիտություն
12:38 11/04/2008

ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ

Այսօր ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ-վրացական բանասիրությանը նվիրված առաջին գիտաժողովը, որին մասնակցում էին Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեն, վրաց ակադեմիկոս Զազա Ալեքսիձեն, ԵՊՀ վրացագիտության կենտրոնի ղեկավար Հրաչյա Բայրամյանը, պատմաբան Պարույր Մուրադյանը, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը և այլք:

Գիտաժողովը նախագահում էին Զազա Ալեքսիձեն և Պարույր Մուրադյանը: ԵՊՀ ռեկտորի անունից բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ուսումնական գծով պռոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը. «Դժվար է պատկերացնել հայագիտությունն առանց վրացագիտության, և թերևս այս գիտակցումն էր, որ երկու տարի առաջ մեր ռեկտորը որոշեց վրացագիտության կենտրոն բացել: Այսօր մենք տեսնում ենք այդ կենտրոնի ակտիվ աշխատանքների արդյունքը` ի դեմս այս սեմինարի, որի ընթացքում կքննարկվեն արդեն ոչ միայն ավանդական դարձած հարցեր ու խնդիրներ, այլև ժամանակակից պատմության էջերին ու հարաբերություններին վերաբերվող հարցեր և խնդիրներ նույնպես, կփորձեն փնտրել լուծումներ` ջերմացնելու մեր ժողովուրդների միջև հարաբերությունները»,-հյուրերին ողջունելուց և բարեմաղթանքներ հղելուց հետո ասաց ԵՊՀ պրոռեկտորը:

Նա նաև նշեց, որ վերջին տարիներին այդ հարաբերություններն այն մակարդակի չէին, ինչ եղել են, և միմյանց հասկանալն ու գրականություն ուսումնասիրելը միմյանց ճանաչելու ամենալավ գրավականն է: Այնուհետև ողջույնի խոսք ասաց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը. «Դեպքերի բերումով վերջին տասնամյակներում մեր երկու ժողովուրդների ընդհանրական կյանքի մեջ որոշ խզումներ առաջացան, բայց չկասեցվեց հայ և վացի սրտերի միասնական նվիրումը` մարդկային մեծ գաղափարների և ժողովրդական իդեալների հանդեպ:

«Առաջին անգամն է, որ ԵՊՀ-ի և Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորների փոխադարձ համաձայնությամբ սկսվում են հայ վրացական բանասիրության` հայագիտության և վրացագիտության նվաճումներին ու անելիքներին նվիրված պարբերական նստաշրջաններ տարեկան մեկ անգամ, որոնք տեղի կունենան Երևանում և Թբիլիսիում»,-ասաց պատմաբան Պարույր Մուրադյանը: Ըստ պատմաբանի, այս գիտաժողովի կարևորությունն այն է, որ կենդանի շփումները միշտ ավելի նախընտրելի են. «Մենք փորձում ենք վրացագետների ուշադրությանն արժանացնել հայագիտության այսօվա նվաճումները, իսկ վրացագետներն էլ նույնը անում են մեզ հետ, այսինքն մասնագետների միջև կենդանի, ստեղծագործական համագործակցությունը խոստանում է հավասարապես հարստացնել և՛հայագիտությունը, և՛վրացագիտությունը»,-ասաց նա:

Գիտաժողովին հնչեցին «Վրաց հայկական մշակութային, քաղաքական և դիվանագիտական առնչությունները ժամանակակից էտապում», «Հայագիտությունը Վրաստանում երեկ, այսօր, վաղը» և «Հայ-վրացական հարաբերությունների պատմությումից» թեմաներով զեկույցները:
Placeholder
ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ