ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է 42 ԱԿՆԱԲՈՒՅԺ
Առողջություն
14:51 15/04/2008

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է 42 ԱԿՆԱԲՈՒՅԺ

Այսօր Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի շրջանների և Երևանի պոլիկլինիկաների ակնաբույժների վերապատրաստման ծրագրի ավարտի և վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ակնաբույժների վերապատրաստման ծրագիրն անցկացվել է այս տարվա հունվարի 21-ից ապրիլի 4-ը: Երեք փուլով ընթացած դասընթացներին մասնակցել է 42 ակնաբույժ, որոնցից 25-ը` հանրապետության մարզերի, իսկ 17-ը` Երևանի պոլիկլինիկաներից:
«Վերապատրաստումն անցկացվել է մեր կլինիկայում, որտեղ վերապատրաստվող մասնագետները հնարավորություն ունեին աշխատել վիրահատական հմտությունների զարգացման լաբորատորիայում»,- միջոցառման ժամանակ հայտնեց Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը: Նրա խոսքով, դասախոսություններն ու գործնական աշխատանքները վարել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի և ակնաբուժական կենտրոնի աշխատակիցները:

Վերապատրաստման դասընթացներն անվկացվել են հանրապետության առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աջակցությամբ: «Նման դասընթացները հնարավորություն են տալիս մասնագետներին ծանոթանալ նոր, ժամանակակից տեխնիկային ու միջազգային փորձին: Հուսանք, որ այսպիսի նախաձեռնությունները շարունակական կլինեն, քանի որ մեզ, իրոք, հարկավոր են բարձր որոկավորմամբ մասնագետներ»,-նշեց քաղաքապետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը:

Նշենք, որ ծրագիրն իրականացվել Է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Կրթությամբ զարգացման ակադեմիայի (ԿԶԱ) կողմից իրականացվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման» ծրագրի շրջանակներում: Ի դեպ, հանդիպման վերջում վերապատրաստված մասնագետներին հանձնեցին դասընթացների ավարտման վկայականներ և ակնաբույժի համար առաջնային կարևորության միջոցներ:
Placeholder
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է 42 ԱԿՆԱԲՈՒՅԺ