ԵՄ-Ն ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԻՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Կրթություն, գիտություն
16:46 18/04/2008

ԵՄ-Ն ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԻՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Բարեփոխումներ բարձրագույն կրթության բնագավառում միջազգային համագործակցության միջոցով. Տեմպուս ծրագրի 4-րդ փուլի տեղեկատվական օրը»: Տեմպուս ծրագրում ընդգրկված են 54 երկիր, որից 27-ը Եվրոմիության երկրներն են, իսկ մյուսները միջին ասիական, բալկանյան, Արևելյան Եվրոպայի և միջերկրածովային երկրներն են: Այս թվում է նաև Հայաստանը:

Ծրագիրն ընդգրկում է ուսումնական ռեֆորմներ և կառուցվածքային ծրագրեր, որոնք ներառում են կառուցվածքային հասարակություն և կրթություն, թեմատիկ ցանցեր, կառավարման ռեֆորմներ, և բարձրագույն կրթություն, և հասարակություն բաժինները: Տեմպուս ծրագրի միջոցով կատարվում են ուսանողական տեղաշարժեր, դասախոսական կազմի վերապատրասում, իսկ ծրագրի կարևորագույն նպատակը համագործակցությունն է նշյալ պետությունների բուհերի և աշխատաշուկաների միջև:

«Մենք բավական հավակնոտ ծրագրեր ունենք. 2010 թվականի Հայաստանը դարձնել տարածաշրջանում կրթական ծառայություններ մատուցող տարածք»,-հայտնեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով, այս ծրագիրը արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը: Ըստ նախարարի, սա նշանակում է մաքրել համալսարանական համակարգը, բարձրացնել կրթական որակը: «Մենք պարտավոր ենք ձևավորել որակական բարեփոխումների ազգային համակարգը և ցույց տալ աշխատաշուկային»,-նշեց Լ. Մկրտչյանը: Վերջինիս խոսքով, դա պետք է տեղի ունենա ամբիոնի մակարդակից մինչև իշխանություններ և եվրոպական աշխատաշուկա:

Համաձայն նախարարի, Հայաստանի համար այլընտրանք չկա: «Համագործակցությունը, թե ներքին և թե արտաքին պետք է լինի նաև մասնագիտական մակարդակում: Սա անկյունաքարային բարեփոխում է»,-ընդգծեց Լ. Մկրտչյանը: Նախարարը նկատեց, որ եթե խոսքը գնում է եվրոպական աշխատաշուկայի մասին, ապա մոտ ապագայում պետք է գոնե Հարավային Կովկասում ունենալ փոխանցման նշյալ համակարգը: Մյուս բարեփոխումը, որ ներկայացրեց Լ. Մկրտչյանը վերաբերում էր դասախոսական կազմին: «Մենք պարտավոր ենք գիտությունը մոտեցնել բուհերին: Չի կարող դասախոսը, որը դիսերտացիա է գրել 60-ականներին, նույնը փոխանցել այսօրվա ուսանողներին: Դասախոսը պետք է զբաղվի գիտությամբ, այլ ոչ օրինակ արհեստով»,-իր դիրքորոշումը հայտնեց ԿԳ նախարարը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, խոսելով Տեմպուսի աջակցության մասին, նշեց, որ այդ ծրագրի շնորհիվ մայր բուհում բացվել է սոցիալական աշխատանք ֆակուլտետը, որը օրինակելի է դարձել տարածաշրջանի երկրների համար: Ըստ ռեկտորի, Տեմպուսի շնորհիվ նաև համագործակցություն է ստեղծվել հայաստանյան պետական բուհերի միջև: «Մենք տեսանք, թե ինչ հավակնոտ ծրագրեր ունի Հայաստանը: Սա ազդանշան է, թե որքանով է Հայաստանը կարևորում կրթության բնագավառը»,-իր խոսքում նշեց Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգը: Նա նշեց, որ ԵՄ-ը խոստացել է, որ եվրոպական շուկան կիսելու է Հայաստանի և այլ երկրների հետ: «Պատճառը այն չէ, որ որ Եվրոմիության երկրները ճանաչում են Հայաստանի պետական բուհերի դիպլոմները, այլ նաև այն, որ ուսանողների շարժը արդեն իսկ ձևավորում է այդ շուկան»,-եզրափակեց Ռաուլ դե Լյուցենբերգը: Նշենք, որ «Տեմպուս» ծրագրի 4-րդ փուլը ավարտվում է ապրիլի 28-ին:
Placeholder
ԵՄ-Ն ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԻՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ