ԱԼ. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Մշակույթ
12:13 19/04/2008

ԱԼ. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հայ անվանի գրող Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 150-ամյակի առթիվ այսօր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը Կոմիտասի անվան պանթոնում ծաղիկներ դրեցին գրողի շիրմին:

«150 տարին բավական կարևոր հոբելյան է, և անհրաժեշտ է նշել: Սա լավ առիթ է, որ ևս մեկ անգամ հայացք նետենք այդ անվան վրա և հասկանանք` մեր գրականության, մեր իրականության համար ինչ է Ալեքսանդր Շիրվանզադեն»,-ասաց Հ. Պողոսյանը:

«Նա կտրուկ փոփոխություն կատարեց գրականության մեջ: Եթե Սունդուկյանը բերեց իր կենցաղային դրամա երևույթը, այդ նույնն ուներ Շիրվանզադեն, բայց այլ լեզվի մեջ էր, այլ գրականության մեջ էր, և ամենակարևորը` այլ կուլտուրային մեջ էր, որը մենք պետք է շեշտենք»,-նշեց նախարարը: Հ. Պողոսյանի խոսքով, նա բերեց մի կուլտուրա, որը մոտ էր եվրոպականին: «Այսօր էլ Շիրվանզադեն արդիական է և այդպես էլ կմնա: Մենք այսօր պարտավոր ենք մատաղ սերնդի ուշադրությունը հրավիրել գրողի վրա»,-նկատեց նա: Նախարարը հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը դեռևս ունենալու է նման ստեղծագործողներ:

Գրողի ծննդյանը նվիրված միջոցառումներ լինելու են հանրակրթական դպրոցներում, նստաշրջան է կազմակերպվելու Կապանում, տարվա ընթացքում հրատարակվելու են գրողի պատմվածքները և դրամաների ամփոփ ժողովածուն:

Ասօրվանից սկսած Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրելու է Ալ. Շիրվանզադեի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը («Նամուս», «Քաոս», «Մորգանի խնամին», «Պատվի համար»): Ալ. Շիրվանզադեի ծննդյան 150-ամյակին նվիրված գլխավոր հանդիսությունը տեղի կունենա աշնանը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Հայփոստ» ընկերությունը թողարկելու է Ալ. Շիրվանզադեի 150-ամյակին նվիրված նամականիշ: Միջոցառումներ տեղի են ունենալու նաև Թբիլիսիում, Հայաստանի մարզերում:
Placeholder
ԱԼ. ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ