ՆԱԽԱԳԱՀ. «ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԸՆԿԱԼԵԼԻ ՈՒ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»
Կրթություն, գիտություն
14:24 25/04/2008

ՆԱԽԱԳԱՀ. «ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԸՆԿԱԼԵԼԻ ՈՒ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»

Հայաստանում լրջորեն վտանգվել է գիտական կոչումների և աստիճանների նշանակությունը, քանի որ շեշտակիորեն շատացած գիտական խորհուրդները «թողարկած» գիտությունների թեկնածուները, որոնք չեն համապատասխանում իրենց գիտական աստիճանին ներկայացվող պահանջներին: Այս մասին այսօր հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք հաճախ ենք լսում գանգատներ գիտական մասնագիտությունների վարկանիշի անկման մասին: Վստահ եմ, որ դրանում մեծ դեր է խաղացել և գիտնականների ծանր սոցիալ տնտեսական վիճակը, և պետության կողմից պատշած ուշադրության բացակայությունը: Բայց կարծում եմ նաև, որ այս խնդրին նպաստել է որոշ անբարեխիղճ գիտնականների անփույթ վերաբերմունքն իրենց մասնագիտության նկատմամբ»,-նշեց նախագահը:

Նախագահի հավաստմամբ, գիտական հաստատություններում «մեծապես չօգտագործված է» մնում ուսուցման հեռակա ձևերի համար նախատեսված տեղերը, ցածր է մնում հայցվորների թիվը: Ըստ Ս. Սարգսյանի, դրանք լավ ուղիներ են բուհերի բազմաթիվ երիտասարդ դասախոսներին գիտության ոլորտ բերելու համար: Դրա համար, նախագահի խոսքով, անհրաժեշտ է ճիշտ կադրային քաղաքականություն վարել: ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ նախագահը խոսեց նաև այն խնդրի մասին, որ ասպիրանտուրան շատերի համար դառնում է բանակից խուսափելու միջոց: Նա ցավալի համարեց, որ այս խնդիրը գիտնականների ու ակադեմիկոսների մոտ մտահոգության առիթ չի դարձել: Մինչդեռ, նախագահը փաստեց, որ հաջողության հասնելու համար հանրապետության գիտական համակարգը պետք է ընկալելի ու հասկանալի լինի ինչպես մեր հանրության, այնպես էլ արտասահմանցիների համար:

«Բազմիցս խոսվում է գիտնականների որակավորման, օբիեկտիվ գնահատման միջազգայնորեն ճանաչված համակարգերի մասին, բերվում են տարբեր` հաճախ միմյանց հակասող օրինակներ: Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Գիտությունների ազգային ակադեմիան անդրադառնա այդ խնդիրներին և գտնի իր համար առավել ընդունելի այն միջոցը, որով հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել մեր յուրաքանչյուր գիտնականի ձեռքբերումն ու որակավորումը միջազգային չափորոշիչներով»,-ավելացրեց նախագահը:

Նշենք, որ նախագահի հավաստմամբ, գիտական ու մտավոր ներուժի համախմբումը կառավարության առանցքային խնդիրներից է, իսկ գիտնականների խնդիրն է բարձրացնել գիտության վարկանիշն ու խրախուսել լավագույն երիտասարդ մասնագետներին:
Placeholder
ՆԱԽԱԳԱՀ. «ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԸՆԿԱԼԵԼԻ ՈՒ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԻՆԻ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»