ԵՐԱԺՇՏԱՍԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ STEINWAY ՌՈՅԱԼԸ
Մշակույթ
12:26 26/04/2008

ԵՐԱԺՇՏԱՍԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ STEINWAY ՌՈՅԱԼԸ

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա ամերիկացի անվանի դաշնակահար Մարտին Բերկոֆսկին: Այդ մասին այսօրվա ասուլիսում ասաց Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

«Համերգի հիմնական նպատակն է հայ երաժշտասեր հասարակությանը ներկայացնել Steinway ռոյալը, որն ամերիկացի բարերար Ջերալդ Միգըլին նվիրել է Ալան Հովհաննես միջազգային կենտրոնին, իսկ մենք դաշնամուրը տրամադրել ենք համերագասրահին»,-ասաց Ալան Հովհաննես միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի ղեկավար Ալեքսան Զաքյանը:

Դաշնակահար Մարտին Բերկոֆսկին նշեց, որ սա իր չորրոդ այցելությունն է Հայաստան, ու ամեն գալուց դաշնակահարն իր համար մի շարք նորություններ է բացահայտում: «Ալան Հովհաննեսի հետ իմ բարեկամություն է ինձ կապում Հայաստանի հետ, ու ամեն անգամ գալուց, գալիս եմ դեպի նրա արմատները»,-ասաց Մ. Բերկոֆսկին: Նա նշեց, որ հայ ժամանակակից կոմպոզիտորներին չի ճանաչում, բայց մեծ ցանկություն ունի ծանոթանալ նրանց ու նրանց արվեստի հետ:

Բարերար Ջերալդ Միգըլին ասաց, որ այդ դաշնամուրը նա նվիրել էր իր կնոջը, որ մահացել է, բայց ցանկացել է, որ այն նվիրեն մի կազմակերպության, որը կրթական ու դաստիարակչական գործունեություն կծավալի:

Հայաստանի մշակույթի նախարարությունը Մարտին Բերկոֆսկուն պարգևատրեց նախարարության պատվոգրով` հայ երաժշտաարվեստի տարածման գործում ունեցած ավանդի համար, իսկ Ջերալդ Միգըլին` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին ցուցաբերած աջակցության համար:

Տեղեկացնենք, որ այսօր բացի Մարտին Բերկոֆսկու մենահամարեգից, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` դաշնակահարի մասնակցությամբ:
Placeholder
ԵՐԱԺՇՏԱՍԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ STEINWAY ՌՈՅԱԼԸ