ՄԱՍՆԱԳԵՏ. ՀՀ-ՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԹԵՐԻ Է
Կրթություն, գիտություն
14:58 30/04/2008

ՄԱՍՆԱԳԵՏ. ՀՀ-ՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԹԵՐԻ Է

«Գիտության ոլորտում այսօրվա առաջնահերթ խնդիրներից մեկը գիտական հիմնարկների «անձնագրավորում» անցկացնելն է, որպեսզի պարզենք, թե ի՞նչ ունենք, ի՞նչ վիճակում են գիտական սարքավորումները, ի՞նչ մարդկային ռեսուրսներ ունենք գիտության մեջ, որպեսզի կարողանանք ապագայում պլանավորել այդ հիմնարկների զարգացումը»,-ոլորտի խնդիրների քննարկման վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ վերանայվում են դրանց ֆինանսավորման ձևերը: Այսօր ՀՀ-ում երկու տիպի բազային ֆինանսավորման կա` հիմնարար և կիրառական գիտությունների ասպարեզի և նպատակային ծրագրերի ֆինանսավորումները: Բանախոսը ցավով նշեց, որ մինչ օրս մեր երկրում բացակայել է համաֆինանսավորման տարբերակը, գիտության ոլորտը թերի է նաև միջազգային համագործակցության ասպարեզում, եթե հաշվի չառնվեն դրամաշնորհները, որոնք էլ հիմնված են եղել ահնատների վրա:

Նրա կարծիքով, ժամանակն է, որ պետությունը նույնպես պետական մոտեցում ցույց տա միջազգային համագործակցությանը: Ընդհանրացնելով իր խոսքը, Ս. Հարությունյանն ընդգծեց, որ ոլորտի խնդիրների լուծման համար բավականին ջանքեր և փոխհամաձայնեցված համագործակցություն է անհրաժեշտ ԳԱԱ-ի, ճյուղային նախարարությունների և բուհերի հետ: Ցածր մակարդակի վրա են գտնվում կրթություն-գիտություն, գործատու-բուհ կապերը:

Ըստ նրա` գիտության ֆինանսավորման այսօրվա ծավալները թույլ չեն տալիս պահելու այն հսկայական գիտական հիմնարկները, որ այսօր կան Հայաստանում. «Սրա հետևանքով այդ հիմնարկների օպտիմալացման հարց է առաջանում, ավելի լավ է հիմնարկները միավորել գիտական խնդիրների շուրջ, և շատ ավելի լավ է ունենալ 60-70 կահավորված և ջեռուցվող, նորմալ աշխատանքային պայմաններ ունեցող ինստիտուտներ, քան 120 կիսաքանդ վիճակում գտնվող կառույցներ:

Հարցին, թե նա ինչպես է վերաբերում վերջերս ԳԱԱ-ի տարեկան ժողովի ժամանակ Գիտության պետական կոմիտեի հասցեին հնչած խիստ քննադատությանը, նա պատասխանեց. «Այդ ելույթներն անկեղծ ասած ես լուրջ չեմ ընկալում այն պատճառներով, որ ԳՊԿ-ն մի քանի ամիս առաջ է ձևավորվել, և այն որակումները, որ համալսարանական կոռումպացված մաֆիա է ղեկավարում, չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Ս. Հարությունյանը: Վերջում նաև ավելացրեց, որ հնարավոր է, որ իր առաջարկությամբ մյուս տարվանից բուհական համակարգում նոր մասնագիտության` «գիտության մենեջեր» առարկայի դասավանդում մտցվի:
Placeholder
ՄԱՍՆԱԳԵՏ. ՀՀ-ՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԹԵՐԻ Է