Հ. ՔԵՇԻՇՅԱՆ. ««ՔԵԼԵ-ՔԵԼԵ»-Ն ԱՐԴԵՆ ԵՐԳՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ»
Մշակույթ
17:24 05/05/2008

Հ. ՔԵՇԻՇՅԱՆ. ««ՔԵԼԵ-ՔԵԼԵ»-Ն ԱՐԴԵՆ ԵՐԳՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ»

Մայիսի 24-ին Բելգրադում կայանալիք «Եվրոտեսիլ-2008» երաժշտական մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի երգչուհի Սիրուշոն` «Քելե-քելե» երգով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը:

«Եվրոտեսիլ-2008» մրցույթին մասնակցում է ավելի քան 40 երկիր, որից եզրափակիչ անցնելու են միայն 25-ը: Մրցույթն անցկացվելու է երկու կիսաեզրափակիչով՝ մայիսի 20-ին և 22-ին, իսկ եզրափակիչը մայիսի 24-ին է: Առաջին կիսաեզրափակիչում հանդես են գալու 19 երկիր: «Եվրոտեսիլ-2008»-ում Հայաստանը ներկայացնող երգի հեղինակը Արթուր Տեր-Հովակիմյանն է, իսկ բառերի հեղինակը երգչուհին է: «Այս տարի ևս մեր համարը հիշվելու է «Եվրոտեսիլի» բեմից: Շատ հետաքրքիր ելույթ է լինելու:
Մինչ օրս Սիրուշոն տարբեր երկրներում է հանդես եկել իր երգով ու պետք է ասեմ, որ ընդհանուր համերգային ծրագրում առանձնանում էր մեր երգն ու ուշադրությունը դեպի մեզ: Բելգիայում կայացած համերգից հետո Բրյուսելի փողոցներում մարդիկ «Քելե-քելե» էին երգում»,-այսօրվա ասուլիսում նշեց հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:

Նրա հավաստմամբ, ուրախալի է, որ հասարակության ուշադրությունը կենտրոնացված է մեր երգի ու մասնակցի վրա: Հ. Քեշիշյանի խոսքով, մրցույթին նախորդող մի քանի ամիսների ընթացքում, մեր պատվիրակությունը` մասնավորապես Սիրուշոն, շատ լարված է աշխատել. «Աշխատել ենք ոչ մի վայրկյան դադար չառնենք, որպիսի լավ արդյունք ստանանք»: Իսկ Սիրուշոյի խոսքով, իր համար շատ կարևոր է, այն խումբը ում հետ երգչուհին աշխատում է: «Որպես երգչուհի, որպես բեմում Հայաստանը ներկայացնող մեկը, ես ի ուրախության ինձ պիտի նշեմ, որ ունեմ երկրպագուների ու ինձ օգնող մարդկանց մի մեծ բանակ, որոնք ինձ ուժ ու հավատ են տալիս»,-նշեց Սիրուշոն:

Նշենք, որ բեք-վոկալում երգելու են Ռազմիկ Ամյանն ու Տիգրան Պետրոսյանը: Համարի բեմադրությամբ զբաղվելու է ռուս հանրահայտ պարուսույց Սերգեյ Մանդրիկը, իսկ երգչուհու զգեստը կարելու է հայ դիզայներ Արևիկ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանն արդեն երրորդ անգամ է մասնակցելու «Եվրոտեսիլ» մրցույթին: 2006թ. մայիսին Հայաստանը ներկայացրել է Անդրեն՝ Աթենքում կատարելով «Without Your Love» երգը, իսկ 2007թ. Հայկոն՝ ներկայացնելով «Anytime You Need» երգը: Երկու դեպքում էլ Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը:
Placeholder
Հ. ՔԵՇԻՇՅԱՆ. ««ՔԵԼԵ-ՔԵԼԵ»-Ն ԱՐԴԵՆ ԵՐԳՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ»