«DIGITEC BUSINESS»-Ը` ՀՈՒՆԻՍԻՆ
Տնտեսություն
17:58 12/05/2008

«DIGITEC BUSINESS»-Ը` ՀՈՒՆԻՍԻՆ

Հունիս 26-27-ը Երևանում կանցկացվի «DigiTec Business» ֆորումը: Այն առնչվում է բիզնեսի տարբեր բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը:

«Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական գրավականներից է բիզնեսի արդյունավետությունը և տվյալ բիզնեսի մրցունակությունը թե’ ներքին, թե’ արտաքին շուկայում: Դրան մեծապես նպաստում են բիզնեսի տարբեր ոլորտներ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրումն ու կիրառումը: Հենց այս նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է DigiTec Business ֆորումի կազմակերպումը»,-նշված է տարածած հաղորդագրության մեջ:

DigiTec Business-ը կազմակերպվում է ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի բանկերի միության աջակցությամբ: Ֆորումը նպատակ ունի աջակցելու ՏՀՏ ներդրմանը տնտեսության այլ ասպարեզներում, ներկայացնել բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային և տեխնիկական հնարավորություններ: Միջոցառմանը մասնակցում են բիզնեսի տարբեր ոլորտների գործարարներ, կազմակերպության ղեկավարներ և ՏՀՏ պատասխանատուներ, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ակնկալվում է շուրջ 3000 բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցություն:

DigiTec Business-ի ընթացքում նախատեսված է ցուցահանդես, որտեղ բիզնեսի ավտոմատացման իրենց լուծումները կներկայացնեն ՏՀՏ մի շարք ընկերություններ, որոնք ծառայություն են մատուցում մասնավորապես բանկային, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, առողջապահական, կրթական, պահեստավորման, առևտրային, շինարարական, տրանսպորտային ոլորտներում:
Placeholder
«DIGITEC BUSINESS»-Ը` ՀՈՒՆԻՍԻՆ