ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է
Մշակույթ
13:27 17/05/2008

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Այս տարի լրանում է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի 70-ամյակը, որտեղ այսօր վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:

«Թանգարանի տարածքի մեջ մտնող բացի կենտրոնական սրահից` ցուցասրահից, կան նաև տոհմատուն և «հին շենք», որոնք բոլորն ել վերանորոգման կարիք ունեն: Դեռևս 2005 թվականին այդ ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ մեզ տրամադրեցին 180 միլիոն դրամ` թանգարանը նորոգելու համար, բայց այն շատ քիչ էր»,-ասաց Հ. Զատիկյանը: Նրա խոսքով, տոհմատան և հին շենքի վերանորոգման համար անհրաժեշտ 50 միլիոն դրամը նրան հաջողվել է ձեռք բերել, իսկ արդեն շուրջ երեք տարի չգործող կենտրոնական ցուցասրահի վերանորոգման համար հարկավոր է 10 միլիոն դրամ, որը դեռ չի ճարվել: «Ցանկանում եմ կառուցել միջազգային չափանիշներին համահունչ ցուցասրահ: Իսկ այժմ այցելուները տոհմատանն են ծանոթանում ցուցանմուշներին»,-նշեց բանախոսը:

Հ. Զատիկյանն առաջարկել է շենքի գլխավոր մուտքի առաջ տեղադրել Խաչատուր Աբովյանի ժամանակակիցների վեց արձաններ, իսկ տոհմատան դիմաց` Քանաքեռի խորհրդանիշ «Ծարավ աղբյուրը»:
Հին շենքը տնօրենը ցանկանում է վերածել գիտամշակութային կենտրոնի, որը պետք է անվանվի Անդրանիկ Մարգարյանի անունով: «Մենք նպատակ ունենք թանգարանը զուտ ցուցադրավայրից վերածել գիտամշակութային կենտրոնի: Մանկավարժական համալսարանի հետ պայմանվորվածություն կա. այնտեղ պետք է բացվի գրադարանագիտության և թանգարանագիտության ամբիոնի մասնաճյուղ, որի շրջանավարտները կարող են նպաստել մշակույթի նախարարության գործունեությանը»,-մանրամասնեց Հ. Զատիկյանը:

Տեղեկացնենք, որ Աբովյանի տուն-թանգարանն ունի բավականին մեծ գրադարան` 2000 գիրք, ու, բանախոսի խոսքով, փորձելու են այն վերածել զանգվածային գրադարանի, ստեղծել ինքնագործ խմբեր` պարի, երգի խմբեր: Տնօրենի վստահեցմամբ, այդ ամենի հիմնական նպատակը թանգարանը ներփակ վիճակից դուրս հանելն է: «Վերանորոգումից հետո զբոսաշրջիկային ընկերությունների հետ պետք է պայմանագիր կնքեմ, որոնք տուրիստական խմբեր կբերեն, իսկ դա կբարձրացնի թանգարանի հեղինակությունը»,-նկատեց տուն-թանգարանի տնօրենը:

Նշենք, որ տուն-թանգարանի 70-ամյակին նվիրված միջոցառումներն արդեն մեկնարկել են, իսկ հոկտեմբերին` Խաչատուր Աբովյանի ծննդյան ամսին, տեղի կունենա մշակույթի նախարարության մասշտաբի միջոցառում:
Placeholder
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է