«Ս. ՍԱՀԱԿ-Ս. ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻՆ
Մշակույթ
11:32 19/05/2008

«Ս. ՍԱՀԱԿ-Ս. ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս Հայոց Եկեղեցու բարձր գնահատանքի արժանացան հայ թատրոնի և կինոյի վաստակավոր երախտավորներ Երվանդ Ղազանչյանը և Գալյա Նովենցը: Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արվեստի երկու նվիրյալներին հանձնվեցին «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ:

Երվանդ Ղազանչյանին ուղղված Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. «Մեծ է Ձեր ավանդը հատկապես Պարոնյանի անվան թատրոնում, որտեղ մինչ օրս շարունակում եք գեղարվեստական ղեկավարի Ձեր պաշտոնը արդյունավորել նորանոր իրագործումներով և ստեղծագործական նվաճումներով: Թատերական արվեստի նվիրյալի նույն նախանձավոր ոգով Դուք Ձեր կարողություններն ու գիտելիքներն ի սպաս եք դնում նաև երիտասարդ դերասան-դերասանուհիների պատրաստության գործին` Ձեր ունեցած տարիների հարուստ փորձը փոխանցելով նրանց»:

«Ուրախություն է Հայրապետիս համար անդրադառնալ, որ մեծ ժողովրդականություն վայելող և ճանաչում ունեցող դերասանուհիդ տասնամյակներ շարունակ իր դերասանական բարձր վարպետությամբ և տքնաջան աշխատանքով հարստացրել է հայ թատրոնը և կինոն: Հավատարիմ մնալով Ձեր անվանի ուսուցիչների` Արմեն Գուլակյանի և Վարդան Աճեմյանի ավանդին` Դուք Ձեր անմնացորդ ջանքերն եք բերել հայ թատերական արվեստի զարգացմանը...: Դուք և Ձեր սերնդակիցները ուրվագծեցիք հայ թատրոնի և կինոյի մի ժամանակաշրջան, որն աներկբա կարելի է անվանել վերելքի շրջան: Ուրախ ենք, որ այսօր հավատավոր մեր ժողովուրդը արժանիորեն մեծարում է Ձեզ` դասելով մշակույթի իր երախտավորների շարքում»,- ասվում է Գալյա Նովենցին ուղղված Հայրապետական կոնդակում:

Ապա Նորին Սրբությունը մեծարյալների կուրծքը զարդարեց Հայ Եկեղեցու բարձրագույն` «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշաններով: Շքանշանների հանձնումից հետո երախտագիտության խոսքեր ասացին Գալյա Նովենցը և Երվանդ Ղազանչյանը:
Placeholder
«Ս. ՍԱՀԱԿ-Ս. ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻՆ