ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆ ՈՒ «ՎԻՐԱԺ ԼՈՋԻԿԻ» ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Կրթություն, գիտություն
19:12 23/05/2008

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆ ՈՒ «ՎԻՐԱԺ ԼՈՋԻԿԻ» ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր «Վիրաժ Լոջիկ» կորպորացիայի փոխնախագահ, գլխավոր գիտնական Երվանդ Զորյանը Երևանի պետական համալսարանի և կորպորացիայի միջև ս.թ. ապրիլի 7-ին կնքված փոխըմբռնման հուշագրի արդյունքում հիմք դրված համագործակցության առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով հանդիպել է բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանին:

«Վիրաժ Լոջիկ» կորպորացիայի երևանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի պատաասխանատու Թամար Մինասյանի տեղեկացմամբ, Կորպորացիայի երևանյան մասնաճյուղի տնօրեն Վարուժան Մասարաջյանը տեղեկացրել է, որ գալիք ուսումնական տարում բուհի հետ գործակցելու համար անհրաժեշտ աշխատանքները սկսվել են:
Երվանդ Զորյանի ներկայացմամբ, համագործացությունը նախատեսվում է 3 ճյուղով` ուսուցում, հետազոտական աշխատանք և գործիքների կիրառություն: Հոկտեմբերից «Վիրաժ Լոջիկը» բուհի Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտությունների կենտրոնում ուսուցողական 3 դասընթաց կիրականացնի, համագործակցությունը կշարունակվի ուսանողների հետ` մագիստրոսական և ասպիրանտական թեզերի պատրաստման գործում, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի բուհում իրականացվող ուսումնական և հետազոտական աշխատանքներում օգտագործել «Վիրաժ Լոջիկի» ծրագրային ապահովման և սարքակազմի նախագծման գործիքները:

Բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը հավաստիացրել է, որ իրենք բաց են համագործացկության համար: Նա նշել է, որ ուսանողության համար ինչպես կարճաժամկետ ու երկարաժամկետ, այնպես էլ ծրագրային ու ծրագրից դուրս բազմաթիվ կրթական ծառայություններ են անհրաժեշտ: «Այսօր այլևս իրական չէ, որ բուհը միայնակ գործի: Այնպես որ, համագործակցության ցանկությունն ու պայմանները կան»,- ասել է Ա. Սիմոնյանը:

Տեղեկացնենք, որ ապրիլի 7-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «Վիրաժ Լոջիկ» կորպորացիայի հետազոտությունների և զարգացման գծով փոխնախագահ, գլխավոր տեխնիկական տնօրեն Ալեքս Շուբաթը հետագա համագործակցության հիմք ստեղծելու նպատակով ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի համաձայն «Վիրաժ Լոջիկը» բուհի ուսանողների համար երկարաժամկետ և կարճաժամկետ դասընթացներ, գործնական պարապմունքներ և ուսանողների մասնագիտական աճին նպաստող այլ միջոցառումներ կկազմակերպի, կհովանավորի լավագույններին, կազմակերպության թափուր աշխատատեղերի մասին կտեղեկացնի վերջիններիս, իսկ պետհամալսարանը համագործակցություն կապահովի բուհի կարիերայի կենտրոնի և «Վիրաժ Լոջիկի» միջև, ինչպես նաև կնպաստի վերոհիշյալ ծրագրերի իրականացմանը:
Placeholder
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆ ՈՒ «ՎԻՐԱԺ ԼՈՋԻԿԻ» ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ