ՎԱՐԺԱՐԱՆՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ 58 ՌԱԶՄԻԿՆԵՐ
Կրթություն, գիտություն
13:04 24/05/2008

ՎԱՐԺԱՐԱՆՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ 58 ՌԱԶՄԻԿՆԵՐ

«Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմաուսումնական վարժարանում այս օրը տոնական էր: 58 սաներ ավարտեցին վարժարանը: Վերջին զանգի տոնական միջոցառման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջույնի խոսքով բացեց Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Հայր Սուրբ Վրթանես վարդապետ Աբրահամյանը:

Նախևառաջ շնորհավորելով բոլոր քրիստոնյաներին և հայ ժողովրդին Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնի կապակցությամբ, Հայր Սուրբն ասաց. «Այսօր հայ առաքելական եկեղեցին իր օրացույցի մեջ կարևոր և գեղեցիկ տոն է տոնում` մեր հավատքի հոր` Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնը, որը մեր մտքի հոգու տոնն է, խնդրում եմ նրա բարեխոսությունն առ աստված, որ նա մեզ պարգևի սքանչելի օրեր` խաղաղությամբ տոնելու մեր օրերը: Ուստի շնորհավորում եմ ձեզ` «Վերջին զանգ»-ի կապակցությամբ և մաղթում, որ տերն անսասան և իր աջի տակ պահի ձեզ ամենքիդ»:

Այնուհետ ուղերձով հադես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Հարգելի հայրենակիցնե´ր, պարոնա´յք գեներալնե´ր և սպանե´ր, «Մոնթե Մելքոնյանի» անվան վարժարանի սիրելի սանե´ր և շրջանավարտնե´ր, թույլ տվեք ՊՆ ղեկավարության և իմ անունից այս գեղեցիկ օրը ողջունել և շնորհավորել ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ»,-ասաց նախարարը:

Ս. Օհանյանն ընդգծեց, որ այս օրն առանձնահատուկ է ոչ միայն հայկական զինված ուժերի, այլ հայ ժողովրդի համար, որովհետև «դպրոցականները, կրթության օրաններն ավարտած, ուսումնառությունն առած, այսօր հրաժեշտ են տալիս դպրոցներին»: Նախարարը շրջանավարտներին մաղթեց կանաչ ճանապարհ, անձնական երջանկություն: Նա նաև հիշատակի խոսք ասաց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և զոհված ազատամարտիկների վերաբերյալ. «Նրանց քաջագործությունները օրինակ պետք է լինեն և պետք է արտացոլվեն այսօրվա ուսուցման պայմաններում, պետք է պարտավորեցնեն, որպեսզի այսուհետև մենք սխալներ թույլ չտանք, որ հետագայում կյանքում լինենք պիտանի մարդիկ»:

Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև վարժարանի ուսուցիչներ, առաջին և երկրորդ ուսումնական վաշտերի սաներ: «Ամենակարևորը այստեղ դուք սովորեցիք հավատարիմ մնալ Մոնթեի պատգամներին»,-դիմելով շրջանավարտներին, ասաց առաջին ուսումնական վաշտի սան Արսեն Դավթյանը:

Վերջում ռազմաուսումնական վարժարանի սաները «Լեռնային պատրաստվածություն» առարկայից վարժություններ և «Վերջին զանգին» նվիրված ավարտական հանդես ցուցադրեցին: Դրանից հետո պաշտպանության նախարարը մեկնեց «Փոքր Մհեր» կրթահամալիր՝ այնտեղ ևս մասնակցելու ավարտական միջոցառումներին:
Placeholder
ՎԱՐԺԱՐԱՆՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ 58 ՌԱԶՄԻԿՆԵՐ