ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ. «ՄԵԿ ԱԶԳ` ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ»
Մշակույթ
17:01 29/05/2008

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ. «ՄԵԿ ԱԶԳ` ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ»

Oգոստոսի 17-23-ը Հայաստանում և Արցախում անցկացվելու է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երրորդ փառատոնը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: «Հուսով ենք, որ փառատոնը ոչ միայն հրաշալի հնարավորություն կընձեռնի մայր հայրենիքում մշակութային արժեքների միասնական ներկայացման, այլև մշակութային հիմնահարցերի համատեղ քննարկման համար»,-ասաց Գ.Դուրգարյանը: Նրա խոսքով, ողջ հայության համախմբումը մայր հայրենիքում ազգային արվեստի և մշակույթի շուրջը, ոչ միայն լավագույն ավանդույթ է հայրենիքում ի մի բերելու աշխարհասփյուռ հայության մշակութային ձեռքբերումները, այլև հայապահպանության կարևոր գործոն է, ազգային ոգու բարձրացման կարևորագույն խթան:

«Փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաև վարպետության դասընթացներ պարուսույցների և երգչախմբային խմբավարների համար»,-նշեց նա:

Փառատոնին կարող են մասնակցել համույթներ, անհատ կատարողներ և ստեղծագործողներ, ինչպես նաև հայկական մշակութային միությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Կառավարությունն այս տարվա իր պահուստային ֆոնդի հաշվին 170 մլն 434 հազար դրամ է հատկացրել մշակույթի նախարարությանը` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի միջոցառումների իրականացման նպատակով:

Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը:  Փառատոնն անցկացվում է 1999 թ-ից սկսած` յուրաքանչյուր 2 տարին մեկ:
Placeholder
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ. «ՄԵԿ ԱԶԳ` ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ»