ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ. ՆՎԻՐՎՈՒՄ Է ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻՆ
Մշակույթ
16:57 29/05/2008

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ. ՆՎԻՐՎՈՒՄ Է ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻՆ

Մայիսի 31-ից հունիսի 2-ը Հայաստանում և Արցախում անցկացվելու են «Ճակատագրի 17 ակնթարթ» խորագրով միջոցառումներ` նվիրված կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևին: Այս մասին ասուլիսում հայտնեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: «Միջոցառումների ընթացքում նախատեսված է կինոերեկո` նվիրված կոմպոզիտոր Թարիվերդիևի կինոյի բնագավառում ունեցած գործունեությանը, իրականացվելու են հեղինակի վոկալ, կամերային ստեղծագործությունների կատարումներով «Սիրում եմ» ծրագիր»,-նշեց Գ. Դուրգարյանը: Միջոցառումների ընթացքում ներկայացվելու է «Սպասում» մոնոօպերան, կոմպոզիտորի հանրահայտ գործերը հնչելու են Իոսիֆ Կոբզոնի, Թամարա Գվերծեթելիի, Աննա Մայիլանի, Շուշան Պետրոսյանի, Հովհաննես Մանուկյանի, «Մերիդիան» տրիոյի, Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախմբի և այլոց կատարումներով:

Միջոցառումներն անց են կացվում Հայաստանի մշակույթի նախարարության և Ռուսաստանի մշակույթի և կինոմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջև ստորագրված` այս տարվա Հայաստանում անցկացվող «Ռուսական մշակույթի սեզոնների» կազմակերպման և անցկացման մասին «Արձանագրության» դրույթների համաձայն:

«Այսպիսի մեծ ծրագրով նա դեռևս Հայաստանում ներկայացված չէ»,-ասուլիսին նկատեց Վերա Թարիվերդիևան, որ եկել է Հայաստան` ամուսնուն նվիրված միջոցառումներին մասնակցելու:

Մայիսի 31-ին Մոսկվայի տանը բացվելու է Մ. Թարիվերդիևի «Ես որսում եմ զգացումի պահը» աշխատանքների ֆոտոցուցահանդեսը, հունիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հնչելու է կինոյի համար գրված նրա երաժշտությունը, հունիսի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կատարվելու է Մ. Թարիվերդիևի երգեհոնային ստեղծագործությունները: Հունիսի 3-ին «Միքայել Թարիվերդիևի երաժշտական աշխարհը» խորագրով միջոցառումներ անցկացվելու են Շուշիում:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը կարևորեց պահը, որով հայտնի մշակութային գործիչը իր աշխատանքների ամբողջությամբ, ամբողջ շքեղությամբ կներկայանա հայ հանդիսատեսին:

Վերա Թարիվերդիևան այլ կերպ կարևորեց, հայտնելով, որ «իրենց համար պատմական պահ է, քանի որ Թարիվերդիևը իր արմատներով հայ է եղել»:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐ. ՆՎԻՐՎՈՒՄ Է ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻՆ