ԱՐԴԵՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ 14 ՀԱԶԱՐ ԴՈՆՈՐ
Առողջություն
10:55 30/05/2008

ԱՐԴԵՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ 14 ՀԱԶԱՐ ԴՈՆՈՐ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանին և հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանին:

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Ֆրիդա Ջորդանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 1999թ. Հայաստանում հիմնադրված Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր հիմնադրամի նպատակները, անցած տարիների գործունեության արդյունքները և առաջիկա ծրագրերը, որտեղ ակնկալվում է նաև պետության օժանդակությունը: Ըստ նրա, հիմնադրամի հիմնական նպատակը` 2000թ. Երևանում ստեղծված ռեեստրի լաբորատորիայի միջոցով հայ հիվանդների համար համապատասխան դոնոր գտնելն ու լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար ոսկրածուծի փոխպատվաստման արդյունավետության ապահովումն է:

Հիմնադրամի նախագահը նշել է, որ ռեեստրում արվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, որը մեծ հնարավորություն է ընձեռում սերտ կապեր հաստատել աշխարհում գործող մյուս նմանատիպ ռեեստրների հետ: Ռեեստրն անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը, նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ:

2001թ. հունվարից սկսվել է դոնորների կամավորագրումը և մինչ օրս այս անձնվեր գործին է անդամագրվել 14 հազար դոնոր` ոչ միայն Հայաստանից, այլև Սփյուռքից:

Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ մտադիր են տարածաշրջանում միակ և արդեն համաշխարհային ճանաչում ստացած կենտրոնի գործունեությունը զարգացնել և համահայկական այս ծրագիրը շատ ավելի բարձր հիմքերի վրա դնել:
Placeholder
ԱՐԴԵՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼ 14 ՀԱԶԱՐ ԴՈՆՈՐ