ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Կրթություն, գիտություն
12:48 31/05/2008

ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Հունիսի 2-ից մեկնարկող միասնական քննությունների նախապատրաստական ընթացքն է քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետը, Հանրապետության մարզպետները:
Նախագահն ասել է, որ նախորդ տարի միասնական ուժերով հնարավոր եղավ որոշակի բարելավում արձանագրել բուհական ընդունելության և ավարտական քննությունների կազմակերպման գործում:

Ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդման, այս տարվա հնարավորությունները Սերժ Սարգսյանը շատ ավելի բարձր է գնահատել, քանի որ մինչ այս պահը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել: «Մեզանից պահանջվում է շատ պարզ մի բան. լինել սկզբունքային, օբյեկտիվ և հետևողական: Բառերով արտահայտելն, իհարկե, շատ հեշտ է, իսկ իրականացնելը` բարդ, բայց պարտավոր ենք: Առանց այս խնդիրը լավագույնս լուծելու, մենք չենք կարող շարունակել բարեփոխումները և բուհում, և դպրոցում»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է քննությունների անցկացման նախապատրաստական ամբողջ գործընթացը` նշելով, որ անցած տարվա փորձի հիման վրա կատարվել են որոշակի շտկումներ: Նա հավաստիացրել է, որ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում, այս պահի դրությամբ, ամբողջությամբ պատրաստ են միասնական քննական համակարգի կիրառմանը: Ըստ նախարարի, քննությունների ամբողջ ընթացքը լինելու է հրապարակային` տեսագրվելու է և յուրաքանչյուր ոք հնարավորություն է ունենալու հետևել ընթացքին: Լևոն Մկրտչյանն ասել է, որ բոլոր ընթացակարգերը ճշտված են, և դրանց անվերապահ հետևելու դեպքում, քննությունների օբյեկտիվությունն ամբողջությամբ ապահովված կլինի, քանի որ կիրառվելիք մեխանիզմն այլ հնարավորություն չի թողնում:

Նախագահի խոսքով, որքան էլ կատարելագործված լինեն տեխնիկական միջոցներն, այնուամենայնիվ, ոչ պակաս կարևոր է, թե պատասխանատուներից յուրաքանչյուրն ինչպիսի ճշտությամբ է կատարում իր պարտականությունները: «Սա սկիզբ է թե բուհի, և թե դպրոցի համար, և պետք է անել հնարավոր ամեն ինչ, որ այն լավ սկիզբ և լավ հիմք դառնա»,- պահանջել է երկրի ղեկավարը:
Placeholder
ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ