ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԵՌԱՀԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Կրթություն, գիտություն
15:18 03/06/2008

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԵՌԱՀԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

«ԱրմենՏել» ընկերությունը և «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը համատեղ իրականացնում են Հայաստանի դպրոցներում հեռահար ուսուցման և արագ ինտերնետի համակարգերի տրամադրման «Կրթությունն առանց սահմանների» ծրագիրը: Այսօր այդ ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտնեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը: Ծրագրի իրականացմանը կաջակցի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:

Ընկերության տնօրենի խոսքով, ծրագիրն առաջին փուլում փորձնական բնույթ կունենա և կիրականացվի մայրաքաղաքի 10 դպրոցներում: Նա ավելացրեց, որ սեպտեմբերի 1-ից ծրագրում կընդգրկվեն ևս 10 երևանյան դպրոց, իսկ մյուսները` մինչև 2009-ի ավարտը:

Ծրագրի առաջին փուլում ընկերությունը դպրոցներին կտրամադրի երկուական համակարգիչ, ADSL hi-line ինտերնետ կապ` մեկ տարի անվճար փաթեթով: «Մայքրոսոֆթ» ընկերությունը դպրոցներին կտրամադրի հեռահար ուսուցման և հաղորդակցման տեխնոլոգիաներ, ինչպես նաև ուսումնական գործընթացների կազմակերպման միջոցներ:

Ն. Վելիչկովը որպես օրինակ նշեց Բուլղարիայի փորձը, որտեղ 2.5 տարվա ընթացքում ԵՄ համագործակցության արդյունքում հեռահար ուսուցման համակարգը ներդրվեց 3600 դպրոցներում: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը ևս կկարողանա հասնել նմանատիպ արդյունքի: Միաժամանակ նա ցավով նշեց, որ աշակերտներին ինտերնետ հասանելիության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 124-րդ տեղը: Ծրագրի իրականացումը թույլ կտա բարելավվել այդ ցուցանիշը:

Իր հերթին «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ ընկերությունն արդեն համանման ծրագիր է իրականացրել Սյունիքի վեց դպրոցում և Երևանի ֆիզմաթ դպրոցում, կառավարությանը ներկայացրել է հնգամյա ներդրումային նախագիծ այդ ծրագրի իրականացման համար: Նա հույս հայտնեց, որ այս ընկերությունների համագործակցությունը շարունակական կլինի:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԵՌԱՀԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ