ՀԱՅԿԱԿԱՆԸ` ԿԱՆՆՈՒՄ
Մշակույթ
16:34 03/06/2008

ՀԱՅԿԱԿԱՆԸ` ԿԱՆՆՈՒՄ

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնի 5-ամյակի կապակցությամբ Կաննի փառատոնի շրջանակներում Հայաստանը կազմակերպել էր ընդունելություն: Այս մասին հայտնեց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: «Մայիսի 23-ին հայազգի բարերար Ռայմոնդ Եզեգելյանի տանը տարբեր երկրների մոտ 55 կինոմատոգրաֆիստներ մասնակցեցին մեր կազմակերպած երեկոյին: Այն Կաննի երեկոներից ամենալավն էր. բոլորն էին այդպես ասում»,-նշեց բանախոսը:

Նա պատմեց, որ երեկոյի ուտեստները պատվիրված էին Կաննի հայկական ռեստորանում, հյուրերը համտեսել են հատուկ «Ոսկե ծիրանի» 5-ամյակի առթիվ «Արցախ Ալկոյի» կողմից արտադրված ծիրանի օղին:

«1966 թվականին Կաննի փառատոնում ներկայացվել է Ֆրույզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, որից հետո հանրահայտ փառատոնի հետ կապը խզված էր: Այս տարի ժամանակը եկավ հիշեցնելու հայկական կինոյի մասին»,-ուրախությամբ նշեց Հ. Խաչատրյանը: Ըստ նրա, մինչև այժմ փառատոն մուտք չունեին, քանի որ դա կապված է գումարի և հեղինակության հետ:

Ըստ Հ. Խաչատրյանի, հայկական կինոն իր երիտասարդ ռեժիսորներով, կադրերով հետ է մնում, և այսօր պետք է նրանց առաջ մղել, նրանց տեղ տալ:

Այս տարի Կաննի փառատոնում արտամրցութային ծրագրում ցուցադրվել են Արամ Թադևոսյանի Ղարսի մասին «Փոխակերպում», Վրեժ Քասունու «Գուցե սեր, գուցե ոչ» և Դիանա Մկրտչյանի «Գաթա» ֆիլմերը: Փառատոնին ներկա են եղել վերոնշյալ ֆիլմերի ռեժիսորներն ու ստեղծագործական խմբից անդամներ: Նշենք, որ Վրեժ Քասունուն վիզայի պատճառով չի հաջողվել հասնել Կանն:

«Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու Էկումենիկ ժյուրիի մրցանակին` հոգևոր արժեքների համար»,-ասաց Հ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Կաննի ամենամյա փառատոնն անցկացվել է մայիսի 14-25-ը:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆԸ` ԿԱՆՆՈՒՄ