ԼՂՀ ՎԵՐԻՆ ՀՈՌԱԹԱՂ ԳՅՈՒՂՆ ԱՐԴԵՆ ԴՊՐՈՑ ՈՒՆԻ
Կրթություն, գիտություն
14:13 04/06/2008

ԼՂՀ ՎԵՐԻՆ ՀՈՌԱԹԱՂ ԳՅՈՒՂՆ ԱՐԴԵՆ ԴՊՐՈՑ ՈՒՆԻ

ԼՂՀ Վերին Հոռաթաղ գյուղում մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Տորոնտո» հանձնախմբի միջոցներով կառուցված նոր դպրոցի բացումը: Իչպես տեղեկացանք հիմնադրամից, դպրոցը կկոչվի բարոնուհի Քերոլայն Քոքսի անվամբ, ում կոչում են «Արցախի պահապան հրեշտակ»: Բարոնուհի Քոքսը Ղարաբաղի անկախության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջատագովն է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում և ամբողջ աշխարհում: Նա ավելի քան 60 անգամ այցելել է Ղարաբաղ մարդասիրական առաքելությամբ: Բարոնուհի Քերոլայն Քոքսը միջոցառման պատվո հյուրն էր: Նա Ղարաբաղ էր եկել որդու, հարսի և թոռների հետ:

Արարողությանը ներկա են եղել Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ կրթության ու գիտության նախարար Վլադիմիր Խաչատրյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Ալեքսանդր Մամունցը, Մարտակերտի վարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանը, ինչպես նաեւ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը, փոխտնօրեն Արա Վարդանյանը, Հիմնադրամի Տորոնտոյի հանձնախմբի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, հանձնախմբի այլ ներկայացուցիչներ, Հիմնադրամի Ղարաբաղի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը, այլ պաշտոնյաներ եւ հյուրեր Հայաստանից, Ղարաբաղից, Կանադայից, ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից:

530 բնակիչ ունեցող Վերին Հոռաթաղ գյուղն ամայացել էր արցախյան պատերազմի հետևանքով: «Գյուղում մարդ չկար: Պատերազմի պատճառով ցրվել էին: Բայց երբ իմացան` դպրոցը գործում է, մարդիկ վերադարձան», - նշել է դպրոցի տնօրեն Նաիրա Առուստամյանը:
Մկրտիչ Մկրտիչյանի խոսքով, Բարոնուհի Քերոլայն Քոքսի անմիջական աջակցությունն այս ծրագրին այնքան կարևոր էր, որ այսօր մեզ համար մեծ պատիվ է դպրոցը կոչել նրա անվամբ: Այս կրթօջախը մեծապես կփոխի բնակիչների, հատկապես երեխաների կյանքը:

Բարոնուհի Քոքսը նշեց,որ իր համար մեծ պատիվ է այսօր գտնվել աշխարհի այս հրաշք անկյունում: «Դուք հիանալի ժողովուրդ եք, որ կարողացել եք պատերազմի դժնդակ օրերին անգամ պահպանել հոգևոր ու մշակութային արժեքները: Նոր դպրոցը ապագա սերնդին արժանավայել ապագա է խոստանում»,- ավելացրեց նա:
Placeholder
ԼՂՀ ՎԵՐԻՆ ՀՈՌԱԹԱՂ ԳՅՈՒՂՆ ԱՐԴԵՆ ԴՊՐՈՑ ՈՒՆԻ