ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԻՄԻՏԱՑԻԱ. ՎՏԱՆԳԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կրթություն, գիտություն
17:12 06/06/2008

ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԻՄԻՏԱՑԻԱ. ՎՏԱՆԳԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանում թռչնագրիպ դեռևս չկա, սակայն նրա դեմ պայքարելու համար հարկավոր է լավ պատրաստվել: Այս նպատակով Տավուշի մարզի Թեղուտ գյուղում թռչնագրիպի դեմ ուղղված ուսումնական վարժանքներ են անցկացվել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչության գլխավոր մասնագետ, «Թռչունների դիերի ոչնչացման» խմբի փորձագետ Արայիկ Պողոսյանը:

Նրա խոսքով, դաշտային պայմաններում անցկացվող ուսումնական վարժանքներն առաջին անգամ էին իրականացվում, սակայն մասնագետների պատրաստվածությունը ստուգելու համար լավագույն միջոցն են հանդիսանում: «Փորձնական ծրագիրն ընթանում էր հատուկ մշակված ծրագրով, որի համաձայն տեղանքում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել ու համապատասխան մասնագիտական խմբերը պետք է կարողանան լավագույնս պայքարել դրա դեմ»,-նշեց Ա. Պողոսյանը: Ուսումնական վարժանքներին մասնակցության համար օգտագործվել են նման իրավիճակի համար անհրաժեշտ բոլոր պարագաները` ներառյալ հատուկ հագուստի ու դեղորայքի օգտագործումը:

Բացի գուղատնտեսության նախարարությունից, ծրագրին մասնակցում էին նաև առողջապահության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Մասնագետի հավաստմամբ, փորձնական վարժանքներն ապացուցեցին, որ լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է միասնական ու արագ գործել: «Մեկ բացթողում, այնուամենայնիվ, նկատվեց: Հարկավոր է աշխատանքների համար հատուկ ծրագիր-պլան մշակել, որին հետևելով ավելի հեշտ կլինի աշխատելն ու տեղում կողմնորոշվեն ավելի արագ կստացվի»,-ասաց նա: Գնահատելով փորձնական ծրագիրը, Ա. Պողոսյանը նշեց, որ բացթողումներ, այնուամենայնիվ կան, սակայն դրանք վարժվածության պակասից են ու ժամանակի ընթացքում կշտկվեն, քանի որ նման ուսումնական վարժանքներ նախատեսվում են անցկացնել նաև հետագայում:

Իսկ սննդի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչության պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թռչնագրիպի վտանգը տարածաշրջանում` հետևաբար նաև Հյաստանում, դեռևս առկա է:
Placeholder
ԹՌՉՆԱԳՐԻՊԻ ԻՄԻՏԱՑԻԱ. ՎՏԱՆԳԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ