ՍԻՆՈՓՍԻՍԸ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՏՎԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
Կրթություն, գիտություն
14:45 06/06/2008

ՍԻՆՈՓՍԻՍԸ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՏՎԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

Էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ինչպես նաև կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների նախագծման ոլորտների համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունն այսօր հայտարարեց, որ 20 մագիստրոս հաջողությամբ ավարտել է Սինոփսիսի և Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԵՏԻ) համատեղ կրթական ծրագիրը և այժմ պատրաստ է սկսել իր մասնագիտական կարիերան:

2006թ.-ին Սինոփսիսի աջակցությամբ ՄԵՏԻ-ն, Սինոփսիսի գործիքների և կրթական ծրագրերի հիման վրա, ստեղծեց միկրոէլեկտրոնիկայի ոլորտում առաջատար կրթություն ապահովող ժամանակակից մագիստրոսական կրթական ծրագիր: Ծրագրի նպատակն է, օգտագործելով Սինոփսիսի Էլեկտրոնային Նախագծման Ավտոմատացման (ԷՆԱ) գործիքները, Գերմեծ Ինտեգրալ Սխեմաների (ԳՄԻՍ) նախագծման ոլորտում բորձրորակ մասնագետներ պատրաստել: Երկու տարվա հետևողական ուսուցումից հետո այսօրվա շրջանավարտները համապատասխանում են միջազգային ճարտարագիտական բարձր ստանդարտներին:

Դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությանը Սինոփսիս ընկերության կորպորատիվ շուկայագիտության և ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը շնորհեց Սինոփսիսի ավարտական վկայականները, իսկ ՄԷՏԻ-ի ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթ.անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Ալեքսանդրովիչ Չապլիգինը շնորհեց ՄԵՏԻ-ի ավարտական դիպլոմները:
Մագիստրական ծրագիրն իրականացվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ Ուսումնական Դեպարտամենտում ԳՄԻՍ նախագծման համար ստեղծված կրթական ծրագրով: Դասերն անց են կացվում Սինոփսիս-ՄԵՏԻ ուսումնական կենտրոնում, որտեղ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման լավագույն ծրագրային միջոցները մատչելի են յուրաքանչյուր ուսանողի: ՄԷՏԻ-ն ստացել է Սինոփսիսի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման համալսարանական ծրագրային գործիքների 20 ամբողջական փաթեթներ իրենց լիցենզիաներով: Ուսուցումն իրականացվում է Սինոփսիսի առաջատար մասնագետների եվ ՄԵՏԻ-ի դասախոսների հետ համատեղ:

«Սրանով սկիզբ է դրվում Ռուսաստանում ԻՍ նախագծման ոլորտի զարգացմանը: Մեր ուժեղ գործընկերոջ հետ միասին մենք հպարտ ենք այս 20 շրջանավարտներով, ովքեր գալիք տարիների բազմաթիվ շրջանավարտներից առաջինն են: Նրանք կօգնեն Ռուսաստանին ճանապարհ հարթել դեպի տեխնոլոգիայի զարգացման հաջորդ մակարդակ», - ասել է Ռիչ Գոլդմանը:

«Մեր համալսարանում մենք իրականացնում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի բնագավառներում մասնագետների պատրաստմեն ծրագրերի լայն սպեկտր: ՄԷՏԻ – ում Սինոփսիսի կրթական ծրագրի մագիստրոսների առաջին խմբի թողարկումը արդյունքն է միջազգային թիմի ահռելի համատեղ աշխատանքի, որի արդյունքում թիմի յուրաքանչյուր մասնակից ձեռք բերեց մեծ փորձ և ես հուսով եմ, որ գոհ է ստացված արդյունքից: Վստահ եմ, որ մեր կրթական գործունեությունը կարևոր է ոչ միայն Ռուսաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման, այլև մեր երկրների միջև գործընկերական հարաբերությունների և կապերի ամրապնդման համար» - ասել է Յուրի Ալեքսանդրովիչ Չապլիգինը:

Սինոփսիսը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2004 թ.-ին, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո: Այն կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է:
Placeholder
ՍԻՆՈՓՍԻՍԸ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՏՎԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ