ՄՏԱԴԻՐ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԵՐԵՆ ԴԱՐՁՆԵԼ
Տնտեսություն
18:22 10/06/2008

ՄՏԱԴԻՐ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԵՐԵՆ ԴԱՐՁՆԵԼ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, օրակարգի շրջանակներում քննարկվել են ՏՏ ոլորտի առաջնորդման ձևը, ոլորտի զարգացման խնդիրները և հայեցակարգը: Խորհրդի անդամների առաջարկությամբ, օրակարգում ներառվել են նաև արբանյակային ալեհավաքների օգտագործման, Հայաստան մտնող օպտիկա-մանրաթելային մալուխի հետ կապված խնդիրները և ինտերնետի հայերենացման գործընթացին պետական հնարավոր աջակցության տրամադրման վերաբերյալ հարցը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնորդման ձևի վերաբերյալ, ներկայացվել է, որ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել ՏՏ ոլորտը համակարգող պետական կառավարման պատասխանատու մարմին դիտել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, խորհրդի անդամների հարցերին ի պատասխան, ներկայացրել է ոլորտի համակարգման մեխանիզմները, այդ թվում` խորհրդի, այլ նախարարությունների, մասնավոր հատվածի հետ համագործակցության ձևերն ու հնարավորությունները: Նախարարը ներկայացրել է նաև ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը:

Ընդլայնված նիստի մասնակիցներն օրակարգի առաջին երկու հարցերի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետները` ներկայացնելով ոլորտի առաջնորդման ձևի և զարգացման հայեցակարգի վերաբերյալ իրենց առարկություններն ու առաջարկությունները: Որոշվել է հայեցակարգն ընդունել որպես հիմք` հետագա քննարկումների համար:

Արբանյակային ալեհավաքների օգտագործման խնդրի հետ կապված, վարչապետը հանձնարարել է հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկել միջոցներ` ելնելով բիզնեսին չխոչընդոտելու նպատակից և կարևորելով հրապարակայնությունը: ՀՀ սահմանից մինչև կենտրոն ձգվող օպտիկա-մանրաթելային մալուխի սահմանափակ ռեսուրսի պատճառով առաջացող խնդիրների լուծման հետ կապված, հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել լուծման առաջարկներ և դրանց մասին զեկուցել հաջորդ նիստում:

Օրակարգի հաջորդ հարցի` ինտերնետի հայերենացման հարցի հետ կապված, հանձնարարվել է` ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ ևս մեկ անգամ քննարկել արդեն իսկ այդ ուղղությամբ իրականացված աշխատանքի արդյունքը լայնորեն ներդնելու համար պետական աջակցության հնարավորությունները:

Ամփոփելով քննարկումների արդյունքները, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը: Որոշվել է խորհրդի նիստերի անցկացումը դարձնել ավելի հաճախակի: Ըստ այդմ, կուտակված հարցերի օպերատիվ քննարկման նպատակով, հաջորդ նիստը կհրավիրվի մեկ ամիս հետո:
Placeholder
ՄՏԱԴԻՐ ԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԵՐԵՆ ԴԱՐՁՆԵԼ