ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱԹԵՄԱՏԻԱԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Կրթություն, գիտություն
12:57 11/06/2008

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱԹԵՄԱՏԻԱԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր հանրապետության 43 քննական կենտրոններում մեկնարկեց մաթեմատիկայի միասնական քննությունը, որին մասնակցում է 1064 դիմորդ:

Քննության արդյունքները պարզ կլինեն 4 օրից, իսկ քննության արդյունքները կարող են բողոքարկել դրանք քննական կենտրոններում փակցնելուց հետո մինչև հաջորդ օրը ժամը 18:00: Ինչպես նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը, բողոքարկման արդյունքները հրապարակվում են երեք օրից:

Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր այցելեց Էրեբունի համայնքի թիվ 160 դպրոց: Նշենեք, որ հայոց լեզու և գրականություն միասնական քննության ժամանակ այստեղ միջադեպ էր գրանցվել` թեստերի քիչ քանակության պատճառով քննությունը նկատելիորեն ուշ էր սկսվել։

Թիվ 160 դպրոցում մաթեմատիկա առարկայից այսօր միասնական քննություն են հանձնում 175 դիմորդ, բացակայել է 4 դիմորդ:

Նախարարը նշեց, որ բողոքարկման հանձնաժողովը որոշել է թիվ 160 դպրոցում հայոց լեզու և գրականություն առարկաներից միասնական քննություն հանձնած բոլոր դիմորդներին հնարավորություն տալ, արդեն ստացած քննական գնահատականից հրաժարվելու դեպքում, մասնակցել հուլիսի 4-ին կազմակերպվելիք լրացուցիչ քննությանը։ Ընդ որում, այս դեպքում վերջինները պետք է իրենց դիմում ներկայացնեն ԳԹԿ մինչև հունիսի 10-ը, ժամը՝ 18:00։

Ս. Սեյրանյանի խոսքով, գրանցված միջադեպից հետո թիվ 160 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավարը ազատվել է իր պարտականություններից։ Նրան, ինչպես նաև ԳԹԿ-ում թեստերի բաշխումն իրականացրած աշխատակիցներին հայտարարվել է նկատողություն։

Այսօր ԿԳ նախարարը այցելեց նաև Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոց, ուր անցկացվում էր մաթեմատիկա առարկայի ավարտական քննություն: Ս. Սեյրանյանը նշեց, որ քննությունը լավ է ընթանում և խոչընդոտող ոչ մի բան չի նկատել:

Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը հայտնեց, որ այսօր իրենց դպրոցում մաթեմատիկայի ավատրական քննություն է հանձնում 112 շրջանավարտ:

Նաև նշենք, որ այսօր մաթեմատիկայի միասնական քննության ժամանակ դիմորդները կարող են օգտագործել միայն պարզագույն հաշվիչներ, որոնք կատարում են գումարում, հանում, բաժանում և բազմապատկում:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԱԹԵՄԱՏԻԱԿԱՅԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ