ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻՑ
Կրթություն, գիտություն
16:55 11/06/2008

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻՑ

«Այս տարի ևս Սինոփսիս Արմենիան և ՀՊՃՀ-ն կիրականացնեն Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի բազայի վրա գործող ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնի բակալավրական ուսուցման 2008-2009 ուսումնական տարվա ընդունելություն Սինոփսիսի Կրթական ծրագրով ուսուցման համար»,- այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ / Պոլիտեխնիկ) երկրորդ կուրսեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ այս տարի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնի բակալավրական ուսուցման ընդունելությունը կսկսվի հուլիսի 2-7-ը: Կրթական ծրագրին կարող են դիմել ՀՊՃՀ-ի 2-րդ կուրսն ավարտած, 1-ին և 2-րդ կուրսերում ուսումնառության արդյունքներով 4-ից ոչ ցածր միջին բալ ունեցող ուսանողները:

Նշենք, որ ուսանողների մրցույթն իրականացվում է 3 փուլով`ընդհանուր կողմնորոշիչ հարցազրույց, օտար լեզու, իսկ երրորդ փուլին թույլատրվում են առաջին երկու փուլերն անցած դիմորդները:

Ընտրությունը կատարվում է երրորդ փուլի գնահատականների հիման վրա:
Հովիկ Մուսայելյանի խոսքով, Սինոփսիսի Կրթական ծրագրի նպատակն է որակյալ մասնագետներ պատրաստել գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման (VLSI) և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտներում:

Այս տարի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջդեպարտամենտալ ամբիոնի բակալավրական ուսուցմանը համար հատկացվել է 70 տեղ: Հովիկ Մուսայելյանը նշեց, որ այս ծրագիրը գործում է արդեն 7 տարի և ունեցել է մոտ 270 շրջանավարտ: Շրջանավարտներից շատերը այսօր աշխատում են Սինոփսիս ընկերությունում:
Placeholder