ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԳՈՀ ՉԷ. ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐ ԱՐՎԵԼ ԵՆ
Քաղաքական
17:05 13/06/2008

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԳՈՀ ՉԷ. ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐ ԱՐՎԵԼ ԵՆ

ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների իրականացման ուղղությամբ որոշակի կարևոր քայլեր կատարված են, սակայն դա մշտական գործընթաց է. ավելի շատ` երկրի վերցրած ուղղվածություն: Այսօր խոսելով ԵԽԽՎ բանաձևի կատարման ընթացքի մասին նման գնահատական տվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, հատկապես մեծ գործ է արել Ազգային ժողովը օրենսդրական հարցերի առումով, բայց բոլոր քայլերը չեն, որ կատարված են կամ ավարտին հասցված: Նա ընդգծեց հավաքների կազմակերպման վերաբերյալ օրենսդրական աշխատանքների իրականացումը, ընդդիմության իրավունքների հետ կապված օրինագծի քննարկումը, «այն իմ խորին համոզմամբ, լուրջ քայլ է առաջ», Ընտրական օրենսգրքի բարեփոխումները:

Դ. Հարությունյանը նշեց, որ կատարված փոփոխությունները սպառիչ չեն, դրանք պետք է շարունակվեն՝ ընդհուպ մինչև սահմանդրական փոփոխություններ: Այս առումով նա հստակ ժամկետներ չնշեց, միայն նկատեց, որ դրա հնարավորությունը կլինի այն ժամանակ, երբ մի քիչ հանդարտվեն քաղաքական կրքերը:

Բանաձևի պահանջների կատարման ուղղությամբ արված քայլերից, Դ. Հարությունյանը նաև մատնանշեց ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, Ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովի վերաբերյալ խորհրդարանական լսումների կազմակերպումը, որոնք, ըստ հանձնաժողովի նախագահի, հետաքրքիր ու հաջողված էին, ինչի համար էլ ակնկալում է, որ առաջիկայում կլինեն օրենսդրական նախաձեռնություններ: Ի դեպ, պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու հրավեր է անձամբ ուղարկել նախագահի ինը թեկնածուներին, հրավերին բացասական են պատասխանել Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արման Մելիքյանը: Բանախոսը հավատացրեց, որ խմբում բուռն քննարկումներ են լինում, շատ բաց, «սակայն պատրաստ չեմ այժմ ներկայացնել դրանց արդյունքները, քանի որ պայմանավորվել ենք աշխատել գաղտնապահական սկզբունքներով, որպեսզի քննարկումները լինեն բաց»:

Այնպես որ, հունիսի 16-17-ը Երևան ժամանող ԵԽԽՎ երկու համազեկուցողներին կներկայացվի այն տեղեկատվությունը, ինչ ունենք այս փուլում, «նրանք ամբողջ գամայով հանդիպումներ ունենալու են՝ փորձելով պատկերացնել, թե ինչպիսին են եղել զարգացումները բանաձևի ընդունումից հետո»: «Խնդիրը միայն 1609 բանաձևը չէ: Մենք գտնվում ենք մոնիտորինգի փուլում, և այդ բանաձևը հղում էր կատարում այլ պարտավորություններին, այնպես որ համազեկուցողները օգտագործելու են այս առիթը, որպեսզի եզրակացություն կայացնեն, թե ինչ այլ զարգացումներ են եղել Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց նա: Դ. Հարությունյանը նաև տեսակետ հայտնեց, որ եթե համազեկուցողներն ասեն, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում արտահերթ լսումների կարիք չկա բանաձևի իրականացման վերաբերյալ, դա չի նշանակում, որ գործընթացն ավարտված է:

Բանախոսը նաև կարևորեց մարտի 1-2-ի դեպքերի մանրամասն ուսումնասիրությունը, ինչում առավել շահագրգռված են իշխանությունները: Նրա համոզմամբ, եթե մեզ հաջողվի վեր հանել այդ դեպքերի պատճառներն ու նշմարել իրավիճակից դուրս գալու ուղիներ, ապա մեզ կհաջողվի շարժվել առաջ, իսկ եթե ոչ, ապա այդ հարցը մնալու է հարցական երկար ժամանակ, նաև մյուս համապետական ընտրությունների ժամանակ՝ պղտորելով ու մթագնելով բուն քաղաքական բանավեճը:
Placeholder
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԳՈՀ ՉԷ. ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐ ԱՐՎԵԼ ԵՆ