ԸՆԴԼԱՅՆԵԼ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Կրթություն, գիտություն
13:19 16/06/2008

ԸՆԴԼԱՅՆԵԼ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթի երկրամասի կրթության և մշակույթի նախարար Յան-Հենդրիկ Օլբերցի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքէջից, նախարար Ս. Սեյրանյանը կարևորել է հայ-գերմանական միջազգային համագործակցությունը, որը ծավալվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և գիտության նախարարության միջև կնքված եռակողմ Հուշագրի շրջանակներում:

Նախարարը նշել է նաև, որ այս տարի Հայաստանում գործող Ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/ գրասենյակի կողմից 62 հայ ուսանողներ, դասախոսներ և գիտնականներ արժանացել են կրթաթոշակների: Նախարարը կարևորել է նաև Մանկավարժական փոխանակման ծառայության /PAD/ միջոցով ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որի շնորհիվ տարեկան գերմաներենի 8-10 ուսուցիչներ վերապատրաստվում են գերմանական տարբեր կրթական հաստատություններում:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթի երկրամասի կրթության և մշակույթի նախարար Յան-Հենդրիկ Օլբերցը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է երկու երկրների դպրոցների միջև առկա համագործակցությունը: Նա բարձր է գնահատել ծրագրի շրջանակներում հայ աշակերտների ցուցաբերած ընդհանուր և գերմաներեն լեզվի գիտելիքները:

Հանդիպմանը մասնակցում են նաև Սաքսոնիա-Անհալթի երկրամասի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Գունար Շելենբերգերը, կրթության ոլորտում միջազգային և ԵՄ հարցերով օգնական Ուվե Բիրկհոլցը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների միջև ընդլայնել միջբուհական կապերը, ինչպես նաև քննարկել տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունը:



Placeholder
ԸՆԴԼԱՅՆԵԼ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ