ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՌԵԺԻՍՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»
Մշակույթ
17:28 18/06/2008

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՌԵԺԻՍՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»

Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի` հոլիվուդյան հայտնի դերասանուհիներ Լիլիան Գիշի, Գրետա Գարբոյի, Միրիամ Հոփքինսի և Մերլին Մոնրոյի մասին էսսեների «Չորս տեսիլք» խորագրով ժողովածուի շնորհանդեսը տեղի է ունենալու «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Այս մասին ասուլիսում հայտնեց կինոռեժիսոր Արծվի Բախչինյանը, որը գրքույկի հեղինակն է: «Նոր հրատարակության համար սկզբնաղբյուր է հանդիսացել Սարոյանի «Որդիները գալիս են ու գնում, իսկ մայրերը մնում են» ժողովածուն»,-ասաց նա:
Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ կինափառատոնի ծրագրերից մեկն ամբողջությամբ նվիրված է գրողին:

«Փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա դիտել 1940-ական թվականներին Հոլիվուդում Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված երեք կինոնկարներ, նաև Հայաստանի և Ռուսաստանի կինոգործիչների տարբեր տարիների 15 խաղարկային և անիմացիոն ժապավեններ»,-ասաց կինոռեժիսորը: Ներկայացվելու է նաև Սարոյանի 1942 թվին նկարահանած «Լավ գործ» կարճամետրաժ ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել որպես ռեժիսոր: Ֆիլմը պատմում է հասարակ քաղցրավենիք վաճառողի կյանքի մասին, ով իր աշխատանքի ընթացքում շփվել է տարբեր ազգությունների մարդկանց հետ: «Սա հոլիվուդյան առաջին ֆիլմն է, որտեղ հնչել է հայերենը»,-ընդգծեց Ա. Բախչինյանը:

Ի դեպ, Վիլյամ Սարոյանը 1943 թվականին «Մարդկային կատակերգության» սցենարի համար «Լավագույն սցենար» անվանակարգում արժանացել է «Օսկարի»:

Ա. Բախչինյանը նշեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում սարոյանական ֆիլմերը ներկայացնելու է և կինոարվեստի հետ նրա ունեցած առնչությունների մասին դասախոսությամբ հանդես է գալու սարոյանագետ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Գույումճյանը:
Placeholder
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՌԵԺԻՍՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»