ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼՏ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՀԵՏ
Մշակույթ
17:56 19/06/2008

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼՏ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՀԵՏ

«Մեր այցի նպատակն է ամրապնդել հայ-գերմանական համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտներում, ապահովել արդեն իսկ սկսված բազմաթիվ ծրագրերի շարունակականությունը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում ներառել Հայաստանի մարզերը»,-այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԴՀ Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կրթության և մշակույթի նախարար, պրոֆ. Յան-Հենդրիկ Օլբերտցը:

Նշենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարար, պրոֆ. Յան-Հենդրիկ Օլբերտցի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում հայ-գերմանական մշակութային համագործակցության շրջանակներում հունիսի 15-ից 20-ը: Պատվիրակության կազմում են հուշարձանների պահպանության և հնագիտության երկրամասային վարչության տնօրենը, երկրամասային խորհրդարանի անդամ, կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահը և պաշտոնատար այլ անձինք:

Ասուլիսին ներկա Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ քննարկումների արդյունքում պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը հուշարձանների և մշակութային արժեքների պահպանության ոլորտում: Մասնավորպես, կիրականացվի տվյալ ոլորտի մասնագետների վերապատրաստում, կլուծվի Հայաստանում հուշարձանների պահպանություն և խնամքի հարցերը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում կիրականցվի հուշարձանների հնագիտական վերականգնում և պեղումներ:

Հ. Պողոսյանի խոսքով, պրոֆ. Յան-Հենդրիկ Օլբերտցի հետ մշակութային համագործակցության արդյունքում 2009 թ. փետրվար ամսին Հայաստան կայցելի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի երիտասարդական նվագախումբը, որոնք Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կիրականանեն մշակութային ծրագրեր: Նվագախմբերը Հայաստանում համատեղ համերգով հանդես կգան հայ և գերմանացի կոմպոզիտորների գործերի կատարումներով:

Իսկ 2009 թ. մայիսին Հայաստանի մանկապատանեկան երգչախմբը կմասնակցի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մանկապատանեկան երգչախմբերի միջազգային փառատոնի 30-ամյա հոբելյանին:

Մշակույթի նախարարի խոսքով, համագործակցության շրջանակներում Սաքսոնիա-Անհալտ երկրամասում գործող հիմնադրամի կողմից նաև կրթաթոշակներ կտրամադրվեն ժամանակակից արվեստների, կերպարվեստի և տարբեր ճյուղերում հայ երիտասարդ մասնագետների վերապատրաստման համար:
Placeholder
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՔՍՈՆԻԱ-ԱՆՀԱԼՏ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՀԵՏ