ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
Կրթություն, գիտություն
18:12 19/06/2008

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր տեղեկացրեց, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարարի հետ որոշվել է ընդլայնել հայ-գերմանական համագործակցությունը նաև կրթական ոլորտում:

Նախարարի խոսքով, համագործակցության ծրագրում արդեն ընդգրկված չորս հանրակրթական դպրոցներին կավելանա ևս երկու մարզային դպրոց: «Այս նախաձեռնությունը բխում է Հայաստանի կառավարության որդեգրած` մարզերի զարգացման քաղաքականությունից»,- հավելեց Ս. Սեյրանյանը:

ԿԳ նախարարը նշեց, որ համագործակցության շրջանակներում հայ դպրոցականներին կընձեռվի Գերմանիայի դպրոցներում մինչև երեք ամիս սովորելու հնրավորություն: Դասընթացներն ավարտած աշակերտներին կտրվեն գերմաներեն լեզվի հավաստագրեր, որոնք հնարավորություն կտան նրանց կրթությունը շարունակելու գերմանական համալսարաններում:

Ս. Սեյրանյանի տեղեկացմամբ, գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցելու Հայաստանում ավագ դպրոցների կատարելագործմանը` ուսուցիչների վերապատրաստմանը, դասագրքերի ստեղծմանը և ծրագրերի ու չափորոշիչների մշակմանը:

ԳԴՀ Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կրթության և մշակույթի նախարար, պրոֆ. Յան-Հենդրիկ Օլբերտցը նշեց, որ ԿԳ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարի ԵՊՀ 90-ամյակի կապակցությամբ, հասարակագիտություն, գերմանագիտություն և աստվածաբանություն մասնագիտությունների ուղղությամբ համագործակցություն սկսելու համար համաձայնագիր կնքել գերմանական բուհերից մեկի հետ:

ԿԳ նախարարի խոսքով, նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր հնագիտության ոլորտը զարգացնելու, համատեղ պեղումներ իրականացնելու, ցուցադրություններ կազմակերպելու և գիտահետազոտական աշխատանքներ հրապարակելու համար: Իսկ այս տարի աշնանը Գերմանիայում Մ. Լյութերի անվան համալսարանին կից գործող «Մաշտոց» հայագիտական կենտրոնի տասնամյա հոբելյանի կապակցությամբ կբացվի հայոց լեզվի և գրականության ամբիոն:

Նշենք, որ հայ-գերմանական մշակութային համագործակցության շրջանակներում հունիսի 15-ից 20-ը Հայաստանում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարար, պրոֆ. Յան-Հենդրիկ Օլբերտցի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հուշարձանների պահպանության և հնագիտության երկրամասային վարչության տնօրենը, երկրամասային խորհրդարանի անդամ, կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահը և պաշտոնատար այլ անձինք:
Placeholder
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ