«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵՑ 3G ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տնտեսություն
15:47 19/06/2008

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵՑ 3G ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԱրմենՏել» ընկերությունը փորձնականորեն գործարկում է 3G համակարգի ծառայություններ: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը: Նրա խոսքով, համակարգն այսօր գտնվում է կոմերցիոն փորձնական գործարկման փուլում, իսկ համակարգի կոմերցիոն գործարկումը նախատեսված է հուլիսի վերջին: Վելիչկովը նշեց, որ այս համակարգի ներդրումը կոնվերգենտ ցանցի ստեղծման ճանապարհին կարևորագույն քայլերից մեկն է, իսկ այդ ցանցի կառուցումը նախատեսված է ավարտել հաջորդ տարեվերջին: Թե ինչքանով այն կավալեցնի ընկերության մատուցած բջջային կապի բաժանորդների թիվը, Վելիչկովը դժվարացավ ասել, ավելացնելով, որ դրա մասին կխոսի փորձնական ռեժիմի ավարտից հետո:

Ինչպես նշեց ընկերության շարժական կապի բիզնեսի գծով տնօրեն Գենադի Կալգաշկին, առաջին փուլում ծառայությունը հասանելի կլինի Երևանի կենտրոնական մասերում և հանրապետության այն բնակավայրերում, որտեղ տեղադրված են բիզնես կենտրոններ և էլիտար կառույցներ: Նա հայտնեց, որ արդեն որոշվել է, որ տեսազանգի արժեքը հավասար կլինի ձայնային զանգի արժեքին: Գ. Կալգաշկին նշեց, որ նոր ծառայությունը բաժանորդներին կտրամադրվի առանց լրացուցիչ վճարի: Սակագնային վերջնական պլանն առայժմ մշակման փուլում է: Ընկերության տնօրենը վստահեցրեց, որ բջջային կապի բաժանորդները կապի որակի հետ կապված խնդիրներ չեն ունենա:

Իր հերթին, «ԱրմենՏել»-ի գործառնությունների գծով տնօրեն Ալեքսանդր Բիրման հայտնեց, որ համաձայն ստացած լիցենզիայի, ընկերությունը ապրիլի 1-ին գործարկել է նոր համակարգի առաջին կայանը: Նախատեսված բոլոր աշխատանքների ավարտից հետո մոտ մեկ ամիս տևել է սարքավորումների կարգի բերումը, որից հետո միայն հնարավոր է եղել սկսել փորձնական շահագործումը: Բիրմանը նաև հայտնեց, որ նոր ծառայությունը բաժանորդին տեսազանգի հնարավորություն կտա ՝ ապահովելով բարձր արագությամբ ինտերնետ կապ:

Հիշեցնենք, որ 2007-ի հոկտմեբերի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց բավարարել «ԱրմենՏել»-ի դիմումը՝ անհրաժեշտ ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն ստանալու և երրորդ սերնդի ցանցի ներդրման համար: Համաձայն թիվ 60 լիցենզիայի «ԱրմենՏել»-ը իրավունք ունի մատուցել ծառայություններ 3G համակարգի միջոցով ՀՀ ողջ տարածքում:



Placeholder
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿԵՑ 3G ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ