ՄԵԿՆԱՐԿ. «ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ»
Տնտեսություն
13:24 25/06/2008

ՄԵԿՆԱՐԿ. «ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ»

Հունիսի 26-27-ը Երևանում կանցկացվի «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ը: Երկու օրերի ընթացքում 17 ընկերություններ և մոտ 30 զեկուցողներ դասընթացների միջոցով կներկայացնեն բիզնեսի համար նախատեսված ՏՏ նորագույն լուծումներ և առաջարկներ:

««ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ի նպատակն է մեծացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ու ներդրումը բիզնես միջավայրում, ինչն էլ իր հերթին կբարձրացնի բիզնեսի արդյունավետության մակարդակը»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց ֆորումի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը:

ֆորումի նորություններից Կ. Վարդանյանն առանձնացրեց խորհրդատվության և կառավարության սրահները: Խորհրդատվությամբ հանդես կգան ոլորտի մասնագետներ, մասնավորապես, ցանցային ապահովման, հաճախորդների սպասարկման, ինտերնետ գովազդի, հաշվապահության, ցանցային վաճառքի և այլ հարցերում:

Կազմակերպիչների տեղեկացմամբ, ֆորումի շրջանակներում «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերությունը կանցկացնի նաև «Ինովացիոն ֆորում»: «Այսօր պետք է որոշենք, թե Հայաստանն ինչ տեղ է զբաղեցնում գլոբալիզացվող աշխարհում: Ունենալով ՏՏ արդյունաբերության լավ պոտենցիալ ընկերությունները հիմնականում արտասահմանյան պատվերներ են կատարում»,-փաստեց ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Նրա խոսքով, այսօր հարկավոր է հասարակությանը և տնտեսական սուբյեկտներին ցույց տալ, որ ինովացիոն տեխնոլոգիաները առնվազն մի քանի անգամ կարող են բարձրացնել արտադրության արդյունավետությունը, թե կառավարման և թե զուտ արտադրական առումով: «Առանց ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման մեր գործարարները ավելոդ ծախսեր և ժամանակ են վատնում, իսկ ՏՏ ներդրմամբ նրանք կարող են լուրջ հաջողություների հասնել»,-իր կարծիքը հայտնեց Մայքրոսոֆթ Ար Էյ ընկերության տնօրենը:

Կազմակերպիչներից Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ հավելեց, որ «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ը հերթական միջոց է լինելու` օգտագործելով ՏՏ-ն ավելի մրցունակ դարձնել որևէ արտադրություն, թե ներքին և թե արտաքին շուկայում: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումով տվյալ կազմակերպությունը հնարավորություն է ստանում ավելի բաց աշխատել»,-նկատեց Ա. Ղազարյանը:

Նշենք, որ ֆորումը անց է կացվում վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն ակնկալում են, որ մասնակիցների թիվը հասնելու է մինչև 1500:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿ. «ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ»