«ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԷՐ, ԱՊԱ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է 1. 500.000-Ի ՊԱՀԱՆՋԸ»
Իրավունք
18:37 26/06/2008

«ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԷՐ, ԱՊԱ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է 1. 500.000-Ի ՊԱՀԱՆՋԸ»

«Եթե խնդիրը բացառապես բարոյական բնույթի էր, ապա այստեղ անհասկանալի է 1մլն 500 հզ-ի պահանջը` ՀՀ կառավարությունից»,-Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի հնչեցրած արտահայտությանն ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեսրոպ Մովսեսյանն ասել էր, թե Ֆինանսական փոխհատուցման հարցն իրենց համար երկրորդական է և Եվրոպական դատարանի որոշումն իրենց համար մեծ բարոյական փոխհատուցում է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հիշեցնում է, որ որ «Մելտեքս» ընկերությունը Եվրոպական դատարան էր ներկայացրել 3 պահանջ, որոնցից 2-ն ընդհանրապես անընդունելի է համարվել և միայն մեկի վերաբերյալ է կայացրել վճիռ ու արձանագրվել խախտման փաստ:

«Դատարանը համարել է, որ չի խախտվել նրանց ոչ խոսքի և ազատության, ոչ արդար դատաքննության և ոչ էլ որ այդ իրավունքների խախտումներն իրականացվել են խտրականության արդյունքում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը փաստում է, որ խախտվել է միայն ընկերության խոսքի ազատության իրավունքը, այն առումով, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մերժելիս հստակ չի նշել մերժման պատճառները»,-մեկ անգամ ևս նշեց Գ. Կոստանյանը:
«Եթե իրենց տրամաբանությամբ շարժվեինք, ապա 5 մասնակիցներից, եթե մեկին տրամադրվի հաճախականություն, ապա կստացի, որ մնացած 4-ի իրավունքը սահմանափակվել է»,-ասում է արդարադատության փոխնախարարը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչը խոսելով ԵԽԽՎ-ում քննարկվող նախագծի մասին, որով պնդում էին, թե ՀՀ իշխանությունները հունվարին պետք է եթեր տրամադրեն «Ա1+»-ին, ասաց, որ մեր պատվիրակությունը, մասնավորապես դրա ղեկավարը կարողացավ հստակ ներկայացնել, որ իրավաբանորեն անհնար է լուծում տալ նման դիրքորոշմանը:

Ըստ Գ. Կոստանյանի, առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի որևէ մեկին, այդ թվում «Ա1+» -ին հաճախականություն տրամադրելը, ոչ միայն կխախտի ՀՀ օրենսդրության դրույթները, այլև մյուս մասնակիցների նկատմամբ կդրսևորվի խտրական վերաբերմունք: ՀՀ օրենքների համաձայն, հաճախականություն կարող է տրամադրվել միայն մրցույթով:

Այս առումով ևս, Գևորգ Կոստանյանի խոսքով, «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի ակնկալիքները չարդարացան:

Իսկ ինչ վերաբերում է Մ. Մովսեսյանի ասօրվա այն հայտարարությանը, թե ակնհայտ սուտ են տեղեկություններն այն մասին, որ Հայաստանում չկան ազատ կապուղիներ, ապա Գ. Կոստանյանն այս առումով ասաց. «յուրաքանչյուր հաճախականություն պետությունը բաշխում է ըստ նպատակայինության և պետությունն ինքն է որոշում օգտագործման չափը, ձևը, եղանակը»:

Իսկ վերջում նա հիշեցրեց, որ այսուհետ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պարտավոր է մրցույթի արդյունքում չհաղթելու հիմքերը, պատճառներն ու մանրամասները ներկայացնել մրցույթի բոլոր մասնակիցներին:
Placeholder
«ԵԹԵ ԽՆԴԻՐԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԷՐ, ԱՊԱ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է 1. 500.000-Ի ՊԱՀԱՆՋԸ»