ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՅ -ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Կրթություն, գիտություն
17:41 27/06/2008

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՅ -ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Սպարտակ Սեյրանյանը և Գեորգի Նոդիան ստորագրեցին «Վրաստանի կրթության և գիտության նախարարության և Հայաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում 2008-2011 թթ համագործակցության վերաբերյալ» ծրագիրը:

Ս. Սեյրանյանը նշեց, որ ծրագրի համար հիմք է հանդիսացել 1997 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Նրա խոսքով, համաձայն ծրագրի համագործակցության արդյունավետության բարձրացման համար նախատեսվում է կրթական համակարգում ընթացող բարեփոխումների վերաբերյալ միմյանց տրամադրել համապատասխան տեղեկություններ: Ըստ համաձայնագրի, կողմերը պարտավորվում են նաև միմյանց տրամադրել 10 բուհական և 5 ասպիրանտական ամենամյա կրթաթոշակ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտություններով:

Հայաստանի ԿԳ նախարարը վստահեցրեց, որ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների կրթական հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատման և հարաբերությունների հետագա զարգացման, աշակերտների և ուսուցիչների` այդ երկրներ փոխայցելությունների ապահովման և աշակերտական համատեղ ճամբարների կազմակերպման ուղղությամբ:

Ծրագիրը նախատեսում է գիտության ոլորտում համագործակցության զարգացում, մասնավորապես` երկրաբանության և սեյսմոլոգիայի, նանոտեխնոլոգիայի, աստղաֆիզիկայի և կյանքի գիտությունների բնագավառներում գիտական հետազոտությունների ուղղությամբ:

Վրաստանի կրթության և գիտության նախարարը Գեորգի Նոդիան նշեց, որ քառամսյա պաշտոնավարման ընթացքում հայաստանյան այցն իր առաջին պաշտոնական այցելությունն է, իսկ ստորագրվող ծրագիրը՝ առաջին նման փաստաթուղթը: Նա նշեց, որ այս ծրագիրը նպատակ ունի սերտացնել համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում, ինչպես նաև ամրացնել եղած բարեկամական կապերը:

Ս.Սեյրանյանը հույս հայտնեց, որ հայ-վրացական կապերն այսուհետ ավելի կակտիվանան և գործնական բնույթ կկրեն։

Հայաստանի ԿԳ նախարարը շեշտեց, որ, քանի որ երկու երկրներն էլ միացել են Բոլոնիայի գործընթացին, այդ ուղղությամբ ևս նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խմբեր, որպեսզի երկու երկրներում էլ բարեփոխումներն իրականացվեն համատեղ։
Placeholder
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՅ -ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ