ՄԱՍՆԱԳԵՏ. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴ ՀՂԻ ԿԻՆԸ ԱՌՈՂՋ ԵՐԵԽԱ Է ՈՒՆԵՆՈՒՄ
Առողջություն
12:40 28/06/2008

ՄԱՍՆԱԳԵՏ. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴ ՀՂԻ ԿԻՆԸ ԱՌՈՂՋ ԵՐԵԽԱ Է ՈՒՆԵՆՈՒՄ

Տուբերկուլոզով հիվանդ հղի կանայք անհանգստանալու կարիք չունեն, քանի որ պտուղը տուբերկուլոզով վարակված չի ծնվում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Տուբերկոլոզի ազգային ծրագրի գրասենյակի համաճարակաբան Նարինե Հովհաննիսյանը:
Մասնագետի խոսքով, տուբերկուլոզով հիվանդ հղի կինը պետք է ստանա նույն բուժումը, ինչը և ստանում են վարակված մյուս մարդիկ, սակայն մի տարբերությամբ. հիվանդ հղի կնոջը կտրականապես հակացուցված է ՍՏՐԵՊՏՈՄԻՑԻՆ դեղամիջոցի ընդունումը:

«Այս հիվանդությամբ տառապող հղի կինը պտղի համար անհանգստանալու կարիք չունի, եթե դիմել է համապատասխան մասնագետի ու բուժում է ստանում: Տուբերկուլոզի համար նախատեսված դեղամիջոցները պտղի վրա չեն ազդում, բացի ստրեպտոմիցինից, որի օգտագործումն արգելված է: Իսկ համալիր բուժման համար նախատեսված մյուս բոլոր դեղամիջոցներն անվտանգ են»,-նշեց Ն. Հովհաննիսյանը: Նրա խոսքով, երեխային վտանգ կարող է սպառնալ միայն այն դեպքում, երբ կինը հղիության ընթացքում հիվանդության դեմ չի բուժվում, սակայն այս դեպքում էլ երեխան կծնվի ոչ թե տուբերկուլոզով վարակված, այլև` նրա մոտ կարող են առաջանալ այլ հիվանդություններ:

Ըստ մասնագետի, ծննդաբերությունից հետո, հիվանդ կինը կարող է նույնիսկ կրծքով կերակրել երեխային, միայն շփման ժամանակ նա պետք է, անպայման դիմակ կրի: «Մենք բազմիցս ասել ենք, որ հիվանդության տարածման գլխավոր ուղին օդա-կաթիլայինն է, դրա համար մայրը երեխային կերակրելիս անպայման պետք է դիմակ կրի, սակայն ոչ սովորական` վիրահատական, քանի որ դրա միջոցով տուբերկուլոզի բացիլները կարող են վարակել նաև երեխային»,-ասաց Ն. Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ բացի այս կանխարգելիչ միջոցները, հիվանդ մորից ծնված երեխան բուժզննում է անցնում ու գտնվում է վերահսկողության տակ:
Նկատենք, որ բացի կրծքի կերակրման ժամերից մայրն ու երեխան իրար հետ չեն շփվում: Հիշեցնենք, որ տուբերկուլոզի բուժումը երկրում անվճար է իրականացվում:
Placeholder
ՄԱՍՆԱԳԵՏ. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴ ՀՂԻ ԿԻՆԸ ԱՌՈՂՋ ԵՐԵԽԱ Է ՈՒՆԵՆՈՒՄ