ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹԵԺ ԱՄԱՌ
Մշակույթ
12:16 30/06/2008

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹԵԺ ԱՄԱՌ

Շոգ ամռանը ևս մշակութային կյանքը շարունակվում է: Հուլիս և օգոստոս ամիսները հարուստ են փառատոներով: Հուլիսի ամենակարևոր իրադարձությունը «Ոսկե ծիրան» երևանյան հինգերորդ միջազգային կինոփառատոնն է, որը տեղի կունենա հուլիսի 13-ից 20ը:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Հայաստանի մշակույթի նախարարության, ՀԹԳՄ-ի և ազգային թատերական ստեղծագործական միավորման հետ համատեղ օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում անցկացնում է Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն: Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից:

Այս տարի փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մնջախաղի ժանրին պատկանող թատրոններ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Փառատոնին կմասնակցեն նաև Հայաստանում գործող մնջախաղի թատրոններ, թատերախմբեր և այլ թատրոններ` մնջախաղի ժանրին պատկանող ներկայացումներով: Նախատեսվում է, որ փառատոնը անցկացվելու է 2 տարին մեկ անգամ:

Օգոստոսի 17-23-ը Հայաստանում և Արցախում անցկացվելու է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երրորդ փառատոնը, որին հետագայում կանդրադառնանք ավելի մանրամասն:

Իսկ օգոստոսի 26-30-ը Ալեքսանդրիայում անցկացվելու է Ալեքսանդրիայի 24-րդ միջազգային կինոփառատոն` մրցութային (Միջերկրական ծովի երկրների պաշտոնական մրցույթ) և արտամրցութային մասերով: Մրցույթից դուրս ներկայացվելու են ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ունեցող ֆիլմեր, հատուկ բաժնում` «Փառատոների փառատոն», ցուցադրվելու են միջազգային փառատոներում մրցանակների արժանացած ֆիլմեր, իսկ տեղեկատվական մասում` կինոցուցադրություններ տարբեր երկրների կինոդպրոցների վերջին զարգացումների ուսումնասիրման նպատակով:
Placeholder
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹԵԺ ԱՄԱՌ