ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՆՎՃԱՐ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Առողջություն
18:48 01/07/2008

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՆՎՃԱՐ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հանրապետությունում ներդրվում է ծննդօգնության պետական հավաստագիրը: Այս առիթով, երկրի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօրվա խորհրդակցության ժամանակ այս հարցը քննարկել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ:

«Հուլիսի 1-ից մեր երկրում մեկնարկած կարևոր այս ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորված է ձեր ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների աշխատանքից: Հարկ է, որ ամենուր խնդրին մոտենան բարձր պատասխանատվությամբ: Պետք է ամեն ինչ անենք, որ կարևոր այս ծրագիրն իրականանա և բոլորը համոզվեն, որ ծննդօգնությունը մեր երկրում անվճար է,-դիմելով Երևանի քաղաքապետին և մարզպետներին` ասաց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:Այս մասին տեղեկացրին տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը նշեց, որ հուլիսին ծննդաբերող բոլոր հղիներն արդեն ծննդօգնության պետական հավաստագիր են ստացել: «Այս հավաստագիրը վկայում է, որ մեր երկրում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն անվճար են իրականացվում: Հավաստագիրը պետության կողմից անվճար բուժօգնության իրավունքի հաստատումն է»,-նշեց Ռ. Գևորգյանը:

Այդ նպատակի համար կառավարությունը 2008-ի երկրորդ կիսամյակում առողջապահության բյուջեի սահմաններում լրացուցիչ 1 մլրդ դրամ է հատկացրել, ձեռք են բերվել 300 մլն դրամի բուժսարքավորումներ, որոնք հիմնականում կբաշխվեն մարզային ծննդատներին:

2009 թվականի բյուջետային հայտերն առավել իրատեսական դարձնելու նպատակով փոխվարչապետն առաջարկվեց հուլիսի 10-17-ը գերատեսչությունների ղեկավարների եւ մարզպետների մասնակցությամբ անցկացնել համատեղ քննարկումներ:

Հանրապետության դպրոցների վիճակը բարելավելու նպատակով հանձնարարվեց կատարել դրանց շենքային պայմանների եւ հագեցվածության գույքագրում՝ ներդրումների գործարար ծրագրերում դրանք ներառնելու նպատակով:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՆՎՃԱՐ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ