ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՅՆ 0.08%-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՆ ԲԱԺԻՆ ԸՆԿՆՈՒՄ
Քաղաքական
10:20 03/07/2008

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՅՆ 0.08%-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՆ ԲԱԺԻՆ ԸՆԿՆՈՒՄ

Վերջերս կառավարության հավանության արժանացած «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը» իրականացվելու է փուլերով: Առաջին փուլը նախատեսված է իրականացնել 2008-2011 թվականներին, իսկ մնացած փուլերը կորոշվեն այդ ժամանակահատվածում իրականացված ծրագրերի մոնիտորինգից հետո: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Վարչության պետի խոսքով, «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի» նպատակն է բնութագրել և գնահատել Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսները, Հայաստանում զբոսաշրջության զարգացման միտումները և հեռանկարները: Ինչպես նաև սահմանել զբոսարջության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակները, գնահատել մարտահրավերներն ու խոչընդոտները, որոշել նպատակի իրականացման համար պետական քաղաքականության խնդիրները, ուղղություններն ու սկզբունքները:

«Այս ծրագրի գերակա խնդրին է զարգացնել էկո տուրիզմը, գյուղական և համայնքների զբոսաշրջությունը, ձմեռային զբոսաշրջությունը, ինչպես նաև առողջարանային և առողջապահական զբոսաշրջությունը»,- հավելեց նա:

Մ. Ապրեսյանը նշեց, որ Հայաստանը, որպես ձեռնարկատիրական գործունեության և ներդրումների համար կայուն, ապահով և զբոսաշրջության համար գրավիչ, պատմամշակութային ու բնական ռեսուրսներով հարուստ երկիր, մեծ ներուժ ունի միջազգային զբոսաշրջային շուկային առաջարկելու բազմաբնույթ, մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգ ծառայություններ:

Մ. Ապրեսյանը հայտնեց, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում գրանցվել է զարգացման աննախադեպ տեմպ: Բայց համաշխարհային և տարածաշրջանային համատեքստում Հայաստանում զբոսաշրջային արդյունաբերությունը բնութագրվում է միջազգային այցելուների համեմատաբար քիչ քանակությամբ: Հայաստանին են բաժին ընկնում Եվրոպայում զբոսաշրջային այցելությունների միայն 0.08%-ը և համաշխարհային զբոսաշրջային այցելությունների 0.04%-ը: Ինչ վերաբերում է ներգնա զբոսաշրջությունից ստացված եկամտին, ապա 2006 թվականին այն գնահատվել է 299 մլն. ԱՄՆ դոլար:

Ըստ Ապրեսյանի, զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել զբոսաշրջության կայուն զարգացում, ինչը պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության ակտիվ և արդյունավետ համագործակցություն:
Մ. Ապրեսյանը խոսքով, Հայաստանում զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է մեծացնել ոլորտի ներդրումը ազգային տնտեսության ոլորտում, ապահովել համաչափ տարածքային տնտեսական զարգացում` միևնույն ժամանակ պայքարելով աղքատության դեմ:

Ըստ վարչության պետի այդ ամենը կարելի է իրագործել նպաստելով ներգնա և ներքին զբոսաշրջիկների թվի աճին, միաժամանակ ավելացնելով զբոսաշրջությունից ստացվող եկամուտները` առաջարկելով ավելի բարձրարժեք զբոսաշրջային արդյունք և ստեղծելով նոր աշխատատեղեր:

Նրա խոսքով, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների լուծման համար, անհրաժեշտ է նախ և առաջ սահմանել և զարգացնել գերակա զբոսաշրջային կենտրոնները և զբոսաշրջային արդյունքները, մշակել ոլորտում Հայաստանի արժեքային համակարգը, սահմանել առաջարկվող ծառայությունների ցանկը, առաջնայնացնել թիրախային շուկաները, շարունակաբար ուսումնասիրել դրանց զարգացման միտումները, զարգացնել Հայաստանը` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի:

Մ. Ապրեսյանը վստահեցրեց, որ ներկայացված այս ծրագրերը իրականանալու են, իսկ դրանց մի մասն էլ այսօր մշակման ընթացքում են:

Եվ այն, որ զբոսաշրջային ուղղությունները զարգանում են հիմնականում զբոսաշրջային ռեսուրսների հիման վրա` բնական, պատմամշակութային, մարդկային, և առանց դրանց հնարավոր չէ ապահովել պահպանությունն ու վերարտադրությունը, խոսում է այն մասին, որ ոչ մեկս անմասն չենք…
Placeholder
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՅՆ 0.08%-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՆ ԲԱԺԻՆ ԸՆԿՆՈՒՄ