ՀԱՅՏՆԻ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԺՅՈՒՐԻՆԵՐԻ ԿԱԶՄԸ
Մշակույթ
16:12 03/07/2008

ՀԱՅՏՆԻ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԺՅՈՒՐԻՆԵՐԻ ԿԱԶՄԸ

Արդեն ավանդական դարձած «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնին այս տարի Հայաստան են ժամանելու կինոաշխարհի բազմաթիվ ականավոր դեմքեր: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրին փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնն ունենալու է հինգ ժյուրի: Այս տարի, բացի մրցույթային երեք ժյուրիներից` խաղարկային, վավերագրական և Հայկական համայնապատկեր, փառատոնը կունենա Fipresci և Էկումենիկ ժյուրիներ: Տնօրենը տեղեկացրեց, որ խաղարկային ժյուրիի նախագահը լինելու է իրանցի հանրահայտ կինոռեժիսոր, Դարյուշ Մեհրջուին. «Որպես իրանական կինոյի նոր ալիքի խորհրդանշական դեմք` Մեհրջուին համարվում է ամենաինտելեկտուալ ռեժիսորներից մեկը»,-ներկայացրեց Հ.Խաչատրյանը:

Այս ժյուրիի կազմում են անվանի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլը (Ավստրիա), Գորան Պասկալևիչը (Սերբիա), Ազիզե Թանը (Թուրքիա) և Աշոտ Ադամյանը (Հայաստան):

Վավերագրական ֆիլմերի ժյուրին այս տարի նախագահում է ավստրիացի անվանի կինոռեսիսոր, գրող և օպերատոր, Վիեննայի փառատոնի մրցանակակիր Միխայել Գլավոգերը: Այս ժյուրիի կազմում են Սերգեյ Բուկովսկին` Ուկրաինայից և ռուսական 1-ին ալիքի «Իրական կինո» հաղորդման հեղինակ և վարող Վիտալի Մանսկին: Ժյուրիի անդամ է նաև BBC-ի Համաշխարհային լուրերի թղթակից, բրիտանաբնակ պրոդյուսեր և ռեժիսոր , 2007-ին իր «Ճչացողները» ֆիլմի համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Կառլա Կարապետյանը:

«Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի Անահիտ Նազարյանն է ԱՄՆ-ից, ում կինոկարիերան, «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենի հաղորդմամբ, սկսվել է հանրահայտ ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ համագործակցությամբ: Ժյուրիի կազմում են ֆրանսիացի լրագրող, կինոյի և փիլիսոփայության դասախոս, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր, գրող Պատրիկ Կազասը, ինչպես նաև Իրանից ազգությամբ հայ, անվանի գրաքննադատ, բազմաթիվ հեռուստաֆիլմերի հեղինակ Զավեն Ղուկասյանը և Հայաստանից` ռեժիսոր և դերասան, մի շարք փառատոնների մրցանակակիր Միքայել Դովլաթյանը:

Fipresci ժյուրին այս տարի ղեկավարում է Մեծ Բրիտանիայից Daily Telegraph-ի, The Independent-ի, The Scotsman-ի և Sight and Sound-ի թղթակից Շեյլա Ջոնսթոնը: Ժյուրիի անդամներ են նաև Թուրքիայից «Միլլիեթ» օրաթերթի կինոքննադատ Ալին Թաշչյանը և կինոգետ, սցենարիստ, Կինոքննադատների և կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Սիրանույշ Գալստյանը: Էկումենիկ ժյուրիի կազմում են Բելգիայից լրագրող և կինոքննադատ Ժոս Հոռեմանսը և Ֆրանսիայից` պաստոր Դընիզ Մուլեն, ով 2000-ից , որպես Interfilm-ի պատվիրակ մասնակցում է Կաննի էկումենիկ ժյուրիների կազմավորմանը: Էկումենիկ ժյուրիի մյուս անդամը Վազգենյան հոգևոր դպրոցի տեսուչ Գևորգ աբեղա Սարոյանն է:

Նշենք, որ «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը` Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Placeholder
ՀԱՅՏՆԻ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԺՅՈՒՐԻՆԵՐԻ ԿԱԶՄԸ