ԴԱՐՁՅԱԼ ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՇԵՄԸ ԿԻՋՆԻ
Կրթություն, գիտություն
12:04 04/07/2008

ԴԱՐՁՅԱԼ ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՇԵՄԸ ԿԻՋՆԻ

Այս տարի պետական ուսումնական հաստատությունների ընդունելության կենտրոնացված քննություններ անցկացնելու համար ձևավորվելու են 14 առարկայական հանձնաժողովներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը:

Նա նշեց, որ կենտրոնացված քննություններ անցկացնելու համար այս պահին լուծվում են կազմակերպչական բնույթի խնդիրներ: «Դեռևս հանձնաժողովների կազմը որոշված չէ, ձևավորելուց հաշվի են անռնվելու երկու սկզբունք` մասնագիտական բարձր պատրաստվածություն և թափանցիկ ու օբյեկտիվ աշխատելու կամք և վճռականություն»,- ասաց ԿԳ նախարարը:
Նախարարը նշեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատությամբ դարձյալ բուհերի ֆակուլտետների անցողիկ միավորների շեմը կիջնի:

Նրա խոսքով, դիմորդների դիմումների ընդունումը բուհերում սկսվում է դեռևս հունիսի 30-ից և կտևի մինչև հուլիսի 16-ը:
Կենտրոնացված քննությունները անցկացվելու են հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 10-ը: Նշենք, որ այս տարի դիմորդները կենտրոնացված քննություն չեն հանձնի «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար Լեզու» առարկաներից, քանի որ դիմորդները այդ առարկաների քննությունները հանձնել են դպրոցի ավարտական քննությունների հետ համատեղ` միասնական համակարգով:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008 թվականի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովն արդեն ձևավորվել է:

Հանձնաժողովի նախագահն է ԿԳՆ նախարար Սպարտակ Սեյրանյանը, տեղակալը` ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, հանձնաժողովում նաև ընդգրկված են Հայաստանի պետական բուհերի ռեկտորները և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, նաև` Գյումրի, Վանաձորի, Գորիսի և Գավառի քաղաքային ընդունող հանձնաժողովների նախագահները:
Placeholder
ԴԱՐՁՅԱԼ ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՇԵՄԸ ԿԻՋՆԻ