ՈՒՐԱԽ-ՏԽՈՒՐ ՄԱՐԴ. ՄԻ՞ԹԵ ՉԵՔ ՀԻՇՈՒՄ
Մշակույթ
20:53 04/07/2008

ՈՒՐԱԽ-ՏԽՈՒՐ ՄԱՐԴ. ՄԻ՞ԹԵ ՉԵՔ ՀԻՇՈՒՄ

Հայ թատրոնի ամենաուրախ-տխուր մարդն այսօր կդառնար 78 տարեկան: Իհարկե, խոսքը գնում է հայ տաղանդավոր դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի մասին:

Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թ. Գյումրիում: Երևանում այսօր դերասանին հարգանքի տուրք են մատուցել մի քանի արվեստագետներ` այցելելով Կոմիտասի անվան պանթեոն:

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»)…, կինոյում, թատրոնում նրա խաղացած յուրաքանչյուր դեր միշտ էլ մեծ գնահատականի է արժանացել: Դերասանին իր կերտած յուրաքանչյուր դերում կարելի էր բացահայտել յուրովի, որին նա հասնում էր իր ինքնատիպությամբ:

«Մհեր Մկրտչյանը, իրոք, ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...», «Ես լիովին հավատացած եմ, որ Մհերը դերասան է ծնվել», «Մեծ է Մհեր Մկրտչյանի հմայքը։ Նա գիտե բեմում առինքնող գեղեցկությամբ երևալու գաղտնիքը` բնության մեծ պարգևը»: Սրանք բնութագրումներն են, որոնք հայ բեմի տարբեր սերունդների հանճարներ ուղղել են Մ. Մկրտչյանին։ Անկասկած կարող ենք ասել, որ նրանք ոչ մի բանում չեն սխալվել:

1994 թվականից հետո կարելի է ասել, հայ թատրոնը «որբացավ» Մհեր Ակրտչյանի մահով. մարդ, անհատականություն, որ հայ թատրոնի ու կինոյի այցեքարտն էր ողջ աշխարհում:

Այս օրը պիտի շուքով նշվեր: Ոչ միայն որովհետև Մհեր Մկրտչյան բեմի հանճարը մեր հպարտությունն է և արժանի է հիշատակման: Հիշելը անցածներին պետք չէ, մեզ է պետք… որ մե´նք չաղքատանանք:

Placeholder
ՈՒՐԱԽ-ՏԽՈՒՐ ՄԱՐԴ. ՄԻ՞ԹԵ ՉԵՔ ՀԻՇՈՒՄ