ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ. ԲԱՑԱՌԱՊԵՍՆ ՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ
Կրթություն, գիտություն
16:48 09/07/2008

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ. ԲԱՑԱՌԱՊԵՍՆ ՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Սեպտեմբերից բոլոր հանրակրթական հիմնական դպրոցներում նախատեսված է գործող գնահատման 5 բալանոց համակարգին զուգահեռ փորձնական կարգով կիրառել գնահատման 10 բալային համակարգը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նրա վստահեցմամբ, գործող համակարգի համեմատությամբ` ամենակարևոր դրական կողմն այն է, որ նորը շեշտադրում է անում ոչ միայն սովորողի գիտելիքը հաշվառելու, այլև «գնահատման միջոցով ուսուցում իրականացնելու, ուսումնառությունը խթանելու վրա»:

Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը նշեց, որ գնահատման 10 բալային համակարգով սահմանված են ուսուցանող գնահատման պարտադիր բաղադրիչներ, որոնք են` բանավոր հարցումը, տնային, ուսուցանող գրավոր և գործնական աշխատանքները:

«Ընթացիկ գնահատման կարևոր նոր մոտեցումներից մեկն էլ հենց այն է, որ պետք է ուշադրություն դարձվի ոչ միայն սովորողի` գիտելիքը մտապահելու և վերարտադրելու, այլև այն կիրառելու կարողությանը»,- ասաց նա:

Ենթադրվում է… Նախատեսվում է առանձին բաղադրիչներով ու տարբեր սանդղակներով գնահատելու միջոցով ձևավորվել աշակերտի ընդհանրական գնահատականը:

Օրինակ` ընդհանուր գնահատականի մեջ տնային աշխատանքի համար սահմանված է ավելի ցածր գործակից, քան դասարանում գրված աշխատանքի համար, քանի որ «հաշվի է առնվում», որ գուցե տնայինը ոչ միշտ կամ ոչ ամբողջությամբ է աշակերտի «ձեռքի գործը»:

Մելքոնյանի խոսքով, աշակերտները, ովքեր ստուգողական աշխատանքի գրավոր ձևից լարվում են, հնարավորություն կունենան իրենց գիտելիքը դրսևորել բանավոր կամ «այլ ձևով»:

«Բանավոր հարցումներին` կենդանի շփումներին, հատկապես` լեզուների ուսուցման դեպքում, լուրջ տեղ է տրվելու և լրացվելու է այն բացը, որի մասին ներկայումս հաճախ խոսվում է ամփոփիչ գնահատման` ավարտական և միասնական քննությունների առումով»,- ավելացրեց Կ. Մելքոնյանը:

Կ. Մելքոնյանը հայտնեց, որ արդեն հանրապետության 10 դպրոցներում իրականացվել է համակարգի փորձնական ներդրումը: «ԿԳ նախարարությանը առաջարկ է արվել, որ բոլոր դրոցների հիմնական դպրոցներում համակարգի փորձնական ներդրում իրականացվի, սակայն այս հարցը դեռևս պետք է քննարկվի»,- ասաց նա:

Նա նշեց, որ 10 միավորանոց համակարգ ընտրվել է բացառապես այլ երկրների համակարգերի հետ համադրելիություն ապահովելու նպատակով:

Ըստ գնահատման 10 բալային համակարգի, 1 գնահատականը համարվում է շատ վատ, 2` վատ, 3` անբավարար, 4` բավարար, 5` միջին, 6` միջինից բարձր, 7` լավ, 8`շատ լավ, 9` գերազանց , 10` բացառիկ: Մասնագետը նշեց, եթե համեմատենք այսօր գործող գնահատման 5 բալանոց համակարգի հետ, ապա 1,2 և 3. գնահատականներըն կլինեն այսօրվա 2-ը, 4, 5 և 6 -ը` 3-ը, 7-8-ը կհամարվեն այսօրվա 4-ը, 10 և 9 `5-ը: Մասնագետը վստահեցրեց, որ միավորների նման բաշխվածությունը հնարավորություն է տալու առավել ճկուն գնահատել:

Կ. Մելքոնյանի խոսքով, հայեցակարգի նախագծում ամրագրվել է նաև, որ թվանշանային գնահատումն անընդունելի է առաջին դասարանում: Ըստ նրա, ուսուցիչը առաջին դասարանում պետք երեխային գնահատի տարեվերջին:

Տարրական դպրոցի ավարտին` 4-րդ դասարանի վերջում, կիրառվելու են ամփոփիչ հարցաշարեր, միջին դպրոցում, որպես նորություն, մտնելու է ստուգարք այնպիսի առարկաներից, ինչպիսիք են «Առողջ ապրելակերպը» կամ «Հասարակագիտությունը»:
Նշենք, որ որ ընթացիկ գնահատման 10 բալային համակարգը հանրապետության դպրոցներ ներդրման հարցը դեռևս բուռն քննարկվում է: Panorama.am-ը ևս այս հարցին կանդրադառնա այլ տեսանկյուններից:
Placeholder
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ. ԲԱՑԱՌԱՊԵՍՆ ՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ